Հաստատվել է ԼՂ–ից տեղահանվածներին աշխատանքի տեղավորման ծրագիրը

Հաստատվել է ԼՂ–ից տեղահանվածներին աշխատանքի տեղավորման ծրագիրը

ԼՂ–ից բռնի տեղահանվածներին աշխատանքի տեղավորման ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատել է։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար զբաղվածության ծրագրի իրականացման միջնաժամկետ փուլ են արդեն մտել։

Ըստ նախարարի` ծրագիրն ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության բովանդակություն։

Նա նշել է, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ` 1. մասնագիտական ուսուցում, որից հետո առնվազն 3 ամիս աշխատանքի ապահովման պայմանով, 2. վճարովի պրակտիկա, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում` առնվազն երեք ամիս, 3. բոլորը միասին` գումարած աշխատանք։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ըստ կետերի, թե ինչ պայմաններ են նախատեսված։

Առաջին ծրագրով նախատեսվում է մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում, ու այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ կրթական կենտրոնում պետք է ԼՂ–ից բռնի տեղահանված անձը վերապատրաստում անցնի։ ՀՀ կառավարությունն այդ անձին կտրամադրի 50 հազար դրամ կրթաթոշակ և ևս 50 հազար դրամ` ուսման վարձը վճարելու։ Երբ անձը կներկայացնի վկայականը, որ անցել է կրթական փուլը, նրա հետ գործատուն առնվազն երեք ամսով կկնքի աշխատանքային պայմանագիր։ Երեք ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը գործատուին կփոխանցի 50 հազար դրամ` տվյալ անձի հարկերի փոխհատուցման համար։ Եթե գործատուն աշխատանքային պայմանագիր չկնքի կամ մինչ 3 ամիսը լրանալը լուծարի պայմանագիրը, ապա գործատուն կփոխհատուցի անձի կրթաթոշակի ու ուսման վարձի` պետության կողմից տրամադրված գումարը։

Երկրորդ ծրագրով նախատեսվում է գործատուի ու անձի մինչև կնքել մինչև 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, որից երեք ամիսը պարտադիր կդիտարկվի որպես վճարովի աշխատանքային պրակտիկա։ Այսինքն` գործատուին ՀՀ կառավարությունը ամսական 165 հազար դրամ կտրամադրի` շահառուին աշխատավարձ և համապատասխան հարկերը վճարելու համար։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է շահառուին ևս երեք ամսով ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին երեք ամիս շարունակ ՀՀ կառավարության կողմից վճարվելու է առավելագույնը 50 հազար դրամ` պարտադիր հարկերը վճարելու համար։ Աշխատանքային պայմանագիրը մինչև վեց ամիս լրանալը լուծարելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային փորձառության ժամանակ իրեն տրամադրված գումարից` շահառուին որպես աշխատավարձ վճարած գումարը։

Երրորդ ծրագիրը ներառում է առաջին երկու ծրագիրը միասին։

Նախարար Մկրտչյանը հայտարարել է, որ այս ծրագիրն արդեն իսկ փորձարկված է։

«Մենք 2016-20 թթ. ռազմական գործողություններին մասնակցած մեր զինվորների համար այս ծրագիրն իրագործել ենք։ Հետևել ենք ավելի քան մեկ տարի ու տեսել ենք, որ մեր ծրագրի շահառուների ավելի քան 70 տոկոսը շարունակում է մնալ աշխատաշուկայում»,– վստահեցրել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում