ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենին. ի՞նչ է տեղի ունեցել

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենին. ի՞նչ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հուսիթներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, որը անհայտ ժամանակով շարունակում է հիվանդանոցում մնալ, հայտարարել էր, որ Եմենում ԱՄՆ-ի և գործընկերների հարվածների թիրախը եղել են անօդաչու թռչող սարքերը, հրթիռները, ինչպես նաև հուսիթների հետախուզության տեխնիկական հնարավորությունները:

Այս գիշերն ԱՄՆ-ն իր գործընկերների հետ միասին ավիահարվածներ է հասցրել Եմենի տարբեր հատվածներում գտնվող օբյեկտներին, այդ թվում` մայրաքաղաք Սանայում:

«Այսօրվա հարվածների թիրախն այն վայրերն են, որոնք ասոցացվում են հուսիների ԱԹՍ-ների, դրանց բալիստիկ և թևավոր հրթիռների, առափնյա ռադիոտեղորոշիչ կայանների տեխնիկական հնարավորությունների և օդային թիրախների հետախուզման հետ», -ասված է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հայտարարությունում:

Նշենք, որ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հուսիթները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:

Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը «Անսար Ալլահ»-ի գործողություններին։ Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՄԲ-ն հարվածներ կհասցնեն Եմենին։

Հուսիթները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:

Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հուսիթների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին: Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են որոտացել Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ և Դամար քաղաքներում։ Սանայի միջազգային օդանավակայանը նույնպես ռմբակոծության է ենթարկվել:

Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հուսիթների դիրքերին հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկացի և բրիտանացի զինվորականները հարվածներ են հասցրել Եմենում հուսիթների ավելի քան 10 օբյեկտների ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հուսիթների հարձակումների․ նա հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հուսիթների մի շարք ռազմական օբյեկտները։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ հարվածները պաշտպանական բնույթ են կրել։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հուսիթներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը և լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել:

Իր հերթին հուսիթների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է, որ Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի շրջանում Ադ Դլեյմի ռազմաօդային բազային հասցված հարվածը հրդեհ է առաջացրել այնտեղ:

«Ադ-Դլեյմիի ռազմակայանում ավիահարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել։ Հարձակումից հետո ռազմակայանում վնաս չենք հայտնաբերել»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում