Զախարովան մեկնաբանել է հայաստանյան քաղաքական գործիչների հայտարարությունները

Զախարովան մեկնաբանել է հայաստանյան քաղաքական գործիչների հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայաստանյան մի շարք քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ:

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Զախարովան այդ հայտարարություններն անվանել է ապակառուցողական, որոնք նման են փաստերը կեղծելու փորձի՝ պատասխանատվությունն իրենց վրայից հանելու համար:

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, համարում ենք դրանք ապակառուցողական և ամենակարևորը՝ իրականությանը չհամապատասխանող։ Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են։ Մենք վստահելի, ամուր երկխոսություն ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ գործընկերների հետ», – ասել Է Զախարովան։

Նա նշել է, որ ռուսական կողմը այդ հայտարարությունների վերաբերյալ իր դիրքորոշումը բազմաթիվ անգամ է հայտնել, ասել է, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և հաստատ ոչ մի բանի չեն նպաստում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը:

Զախարովան չի բացառել, որ դա կարող է ձեռնտու լինել ինչ-որ մեկին Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս:

Նա որպես ապացույց ներկայացրել է ՌԴ Դաշնության խորհրդի որոշումը, ըստ որի`ռուսական խաղաղապահ զորակազմն ուղարկվում է տարածաշրջան՝ հրադադարի մասին պայմանավորվածությունները պահպանելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտներին էական վնաս հասցնելուց խուսափելու նպատակով։

Զախարովան հարց է ուղղել բոլոր նրանց, ովքեր հղում անելով այդ փաստաթղթին` փորձում են մեղադրել Ռուսաստանին։

«Նշվածներից որևէ մեկը չի՞ կատարվել։ Եթե ինչ–որ մեկը խիղճ ունի, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանդգնություն, ասել, որ փաստաթղթում նշված կետերից որևէ մեկը կատարված չէ, փաստեր ներկայացրեք, փաստարկներ դրեք սեղանին, մինչդեռ դրանք չկան, բացի հիստերիայից և վիրավորանքներից»,– ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ այն, ինչ արձանագրված է փաստաթղթում, հաջողվել է թույլ չտալ այն, ինչի մասին գրված է փաստաթղթում:

2023 թվականի սեպտեմբերին տարածաշրջանում տեղի ունեցած վերջին էսկալացիայի ընթացքում ՌԴ խաղաղապահների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, նրանց ակտիվ միջնորդությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20–ին պայմանավորվածություն ձեռք բերվեց դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության և ադրբեջանական իշխանությունների միջև։

ՌԴ խաղաղապահները ապաստան տրամադրեցին խաղաղ բնակիչներին, իրականացրին մարդասիրական օգնության առաքում, կազմակերպեցին բժշկական տարհանում։

«Ոչ ոք նրանց վիրավորելու իրավունք չունի, իսկ ովքեր կվիրավորեն նրանց, մենք պատասխան կտանք,– ընդգծել է Զախարովան` ավելացնելով,– ինչ վերաբերում է «էթնիկ զտումների» մասին պնդումներին, կուզենայի տեսնել ինչ–որ փաստեր, ինչ–որ փաստաթուղթ»։

Նա հիշեցրել է, որ ՌԴ–ն բազմիցս կարևորել է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար հայ բնակչության համար պայմաններ ստեղծելը՝ հիմնվելով Բաքվի հայտարարությունների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում