Կիևին բանակցային ճանապարհով հակամարտությունից դուրս գալ չեն թողնում. Լոնդոնում ՌԴ դեսպանություն

Կիևին բանակցային ճանապարհով հակամարտությունից դուրս գալ չեն թողնում. Լոնդոնում ՌԴ դեսպանություն

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանությունը, մեկնաբանելով բրիտանա-ուկրաինական համագործակցության մասին նոր համաձայնագրի ստորագրումը, հայտարարել է, որ Կիևին այդկերպ բանակցային ճանապարհով հակամարտությունից դուրս գալու հնարավորություն չեն թողնում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Անվտանգության ոլորտում համագործակցելու մասին համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 12-ին Ուկրաինայում։

«Լոնդոնը շարունակում է այդ երկիրը դիտարկել որպես Ռուսաստանի դեմ ուղղված աշխարհաքաղաքական գործիք։ Կիևում ստորագրված բրիտանա-ուկրաինական համաձայնագիրը վկայում է, որ Ուկրաինային բանակցային ճանապարհով հակամարտությունից դուրս գալու հնարավորություն չեն թողնում՝ նրան «մանրադրամ» դարձնելով Եվրասիայում անգլոսաքսերի արկածախնդրությունների համար»,-ասված է դիվանագիտական առաքելության մեկնաբանության մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երեկ այցելել է Կիև և հայտարարել, որ 2024 թվականին Ուկրաինային 2,5 միլիարդ ֆունտ (3,2 միլիարդ դոլար) է հատկացվելու։ Այնուհետև նա Վլադիմիր Զելենսկու հետ անվտանգության ոլորտում համագործակցելու համաձայնագիր է ստորագրել (10 տարի ժամկետով)։

«Այս անգամ Ռիշի Սունակը խոստացել է ավելի շատ միջոցներ հատկացնել մահաբեր սպառազինություն, այդ թվում` հեռահար հրթիռներ ու հարվածային ԱԹՍ–ներ ձեռք բերելու համար։ Այդ մատակարարումները չեն փոխի ուժերի ընդհանուր հարաբերակցությունը և Ուկրաինայի համար աղետալի հակամարտության ելքը։ Փոխարենը կնպաստեն ռազմական գործողությունների ձգձգմանն ու խստացմանը, իսկ դա նշանակում է, որ կհանգեցնեն նոր զոհերի։ Սրա ֆոնին կեղծ են բրիտանական ղեկավարության «կոկորդիլոսի արցունքները» Ուկրաինայի կործանված ապագայի համար»,- հայտարարել է Ռուսաստանի դեսպանությունը։

Մոսկվան նախկինում բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելել է դրանք։ Արևմուտքը ՌԴ-ին մշտապես բանակցությունների կոչ է անում, Մոսկվան պատրաստակամություն է դրսևորում, բայց միևնույն ժամանակ Արևմուտքում անտեսում են, որ Կիևն անընդհատ հրաժարվում է երկխոսությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում