Թմրամիջոցների վաճառքով զբաղվող 650 առցանց խանութ է հայտնաբերվել

Թմրամիջոցների վաճառքով զբաղվող 650 առցանց խանութ է հայտնաբերվել

ՀՀ–ում 2023 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին համացանցի միջոցով իրացվող թմրաշրջանառության 465 դեպք է արձանագրվել։ Այս մասին 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Ներկայացնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ կատարված աշխատանքները` փոխնախարարն առաջին հերթին նշել է, որ իրենց համար այս ոլորտը խնդրահարույց է համարվում` հաշվի առնելով այս հանցագործության տարածվածությունն ու աճը։

«Նախորդ տարվա 11 ամսվա ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրաշրջանառության 465 դեպք, որից 126-ը` իրացման դեպքեր են, իսկ 339-ը` ձեռքբերման։ Հայտնաբերվել և ուսումնասիրման փուլում է գտնվում թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք»,– նշել է Հովհաննիսյանը։

Նա ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում 2354 դեպքով կամ ավելի քան 2.5 անգամ աճել է ապօրինի թմրաշրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Դրան զուգահեռ, նախորդ տարվա համեմատ հայտնաբերվել է թմրամիջոցի իրացման 1459-ով ավելի դեպք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում