ԵՄ երկրները կաջակցեն Կարմիր ծովում ռազմածովային առաքելություն ստեղծելու գաղափարին
Նմանատիպ
ԵՄ երկրները նախնական աջակցություն են հայտնել ռազմածովային առաքելություն ստեղծելու գաղափարին, որով հնարավոր կլինի Կարմիր ծովում պաշտպանել նավերը հութիների հարձակումներից։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին:
Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ երկրներին առաջարկել է Կարմիր ծովում ռազմածովային առաքելություն ստեղծել՝ քաղաքացիական նավերի վրա Եմենի ապստամբների հարձակումներից նավագնացության անվտանգությունն ապահովելու համար:
Դիվանագետների խոսքով՝ ԵՄ երկրները նպատակ ունեն այդ առաքելությունը ստեղծել առնվազն մինչև փետրվարի 19–ը: Նշվում է, որ այն կհամակարգի գործողությունները տարածաշրջանի այլ գործընկերների հետ։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի` Եմենի ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել Էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել դրանցից իրենց անձնակազմերը: Մի շարք բեռնափոխադրող ընկերություններ որոշել են դադարեցնել Կարմիր ծովով փոխադրումները։
ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող և Իրանի կողմից աջակցվող շիական «Անսար Ալլա» (հութիների) շարժման օբյեկտներին՝ դա անվանելով որպես պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության դեմ սպառնալիքին:
«Անսար Ալլա» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ–Հուսին դա որակել Է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա: Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, զոհվել է հութիներից հինգ մարտիկ, վիրավորվել են ևս վեցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում