ՀԾԿՀ-ն մերժել է ռուսական «ՄՏՍ»-ին վերակառուցել իր բիզնեսը Հայաստանում
Նմանատիպ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է ռուսական «Մոբայլ Տելեսիստեմի» (ՄՏՍ) կորպորացիայի հայտը ՀՀ-ում իր բիզնեսը վերակազմավորելու վերաբերյալ: Այս մասին որոշում կայացվել է հանձնաժողովի նիստում:
Հայտը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սեպտեմբերին ռուսական ՄՏՍ-ը ցանկացել է «ՄՏՍ Հայաստանը» վաճառել մեկ այլ սեփականատիրոջ՝ Կիպրոսում գրանցված Fedilco ընկերությանը։
Ինչպես նիստում նշել է հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, դիմումը մերժվել է հենց այն պատճառաբանությամբ, որ ՄՏՍ-ն արդեն իսկ պատրաստվում է վաճառել իր հայկական ընկերությունը, ուստի իմաստ չունի թույլ տալ նրան վերակազմակերպվել։
Նա պարզաբանել է, որ եթե ՄՏՍ-ն ու Fedilco-ն հրաժարվեն գործարքից, ապա հնարավոր կլինի վերադառնալ վերակառուցման հարցին։
ՀԾԿՀ-ի որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եզրակացությունը, որի մեջ նշել է` քանի որ հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի հայտին, ինչպես նաև ելնելով պետական շահերից՝ չի հաստատի այս նոր հայտը, որով «ՄՏՍ»-ը կկարողանար փոխել իր բիզնեսի սեփականության ձևը ՀՀ-ում։
«ՄՏՍ» մայր ընկերությունը պատրաստվում էր գնել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 100%-ը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից, որը պատկանում է հենց իրեն: Եթե նախկինում ՀՀ-ում գործող դուստր օպերատորը «ՄՏՍ»-ին էր պատկանում Կիպրոսում գրանցված ընկերության միջոցով (ՄՏՍ-Արամայո-ՄՏՍ Հայաստան), ապա այժմ ցանկանում էր այդ ընկերությունը դուրս բերել շղթայից՝ սեփականությունը դարձնելով ուղղակի («ՄՏՍ»-«ՄՏՍ Հայաստան»): Զուգահեռ, «ՄՏՍ»-ը հայտ է ներկայացրել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի մասին Fedilco Group Limited ընկերությանը, որը նույնպես գրանցված է Կիպրոսում։
Նշենք, որ 2023 թ. նոյեմբերի 15-ին ՀԾԿՀ-ն հավանություն էր տվել ռուսական «ՄՏՍ» ՓԲԸ-ի հայտին՝ «ՄՏՍ Հայաստանը» կիպրական «Fedilco Group Ltd»-ին վաճառելու մասին։ Վաճառքի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս 2022 թ-ից։ Կիպրոսի ընկերությունների պետական ռեգիստրի տվյալներով` Fedilco-ի սեփականատերեր են համարվում նաև Կիպրոսում գրանցված օֆշորային այլ ընկերություններ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԾԿՀ մասնագետները նշել են, որ փաստացի վաճառքը դեռևս չի կայացել։ 2023 թ. նոյեմբերին «ՄՏՍ»-ին և «Fedilco»-ին տրվել է վեց ամիս` գործարքն ավարտելու համար, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն դիմել կրկնակի թույլտվության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում