Իրանը որևէ կողմի թույլ չի տա վտանգավոր գործողություններ կատարել սահմանին. ՊՆ ղեկավար

Իրանը որևէ կողմի թույլ չի տա վտանգավոր գործողություններ կատարել սահմանին. ՊՆ ղեկավար

Իրանն իր ազգային շահերն ու ժողովրդին պաշտպանում է մեծ եռանդով և առանց որևէ վերապահումների, հայտարարել է պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման և Իսրայելի հետախուզության՝ Մոսադի կենտրոնի դեմ Սիրիայում և Իրաքում մի շարք հրթիռային հարվածներից հետո։ Այս մասին գրում է tasnimnews.com-ը:

Երեքշաբթի վաղ առավոտյան սիրիական Իդլիբում և իրաքյան Էրբիլում գտնվող թիրախների ուղղությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից հասցված հրթիռային հարվածների մասին լրագրողների հարցին ի պատասխան Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Մենք սահմաններ չենք դնում մեր ազգային շահերի և ժողովրդի պաշտպանությանն ուղղված միջոցառումներում և նման միջոցներ կձեռնարկենք հզոր կերպով»։

Վերահաստատելով Իրանի հարգանքը այլ պետությունների ինքնիշխանության, շահերի և կանոնակարգերի նկատմամբ՝ Աշտիանին ասել է, որ Իրանը որևէ կողմի թույլ չի տա վտանգավոր գործողություններ կատարել սահմանին։

«Մենք կարձագանքենք ցանկացած տարածքից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված սպառնալիքներին»,- ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում