Պակիստանը հետ կկանչի Իրանում իր դեսպանին

Պակիստանը հետ կկանչի Իրանում իր դեսպանին

Պակիստանն Իրանին տեղեկացրել է, որ որոշել է հետ կանչել Թեհրանում իր դեսպանին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պակիստանը իր տարածքին անցած գիշեր Թեհրանի հարվածներն անօրինական է որակել՝ ընդգծելով, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանելու։

Ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերի կողմից Պակիստանի տարածքում իրականացված հարվածը երկրի օդային տարածքի խախտում է, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

«Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի կողմից իր օդային տարածքի չպատճառաբանված խախտումը և հարվածը Պակիստանի տարածքին, որի հետևանքով զոհվել է երկու անմեղ երեխա և վիրավորվել երեք աղջիկ: Պակիստանի ինքնիշխանության այս խախտումը միանգամայն անընդունելի է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Առավել տագնապալի է այն փաստը, որ դա տեղի է ունեցել՝ չնայած Պակիստանի և Իրանի միջև կապի բազմաթիվ ուղիների առկայությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը հայտնել է, որ պակիստանյան կողմն արդեն «վճռական բողոք» է հայտնել «Իրանի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյային Թեհրանում»։ Բացի այդ, միջադեպի առնչությամբ Պակիստանի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը։

«Ահաբեկչությունը ընդհանուր սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար և պահանջում է համակարգված գործողություններ: Նման միակողմանի գործողությունները չեն համապատասխանում բարիդրացիական հարաբերություններին և կարող են լրջորեն խաթարել փոխադարձ վստահությունը»,- հավելել է Պակիստանի ԱԳՆ-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում