Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար վարկը հաստատվել է
Նմանատիպ
Երևանի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար 60 մլն եվրո վարկը ՀՀ կառավարությունը հաստատել է այսօրվա նիստում։
ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023թ.-ի նոյեմբերի 27–ին։
Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ.-ի սեպտեմբերի 30–ին։ Վարկը պետք է մարվի մինչև 2028թ.-ի մարտի 31–ը:
«Համաձայնագրով կկառուցվի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը»,– նշված է համաձայնագրի մեջ:
Ճանապարհաշինության աշխատանքներն իրենց մեջ կներառեն Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցումը, որը կապահովի մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելիք 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջը, Արշակունյաց պողոտայում կառուցվելիք թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցը:
Հիմնական ճանապարհի երկարությունը կլինի 1,9 կմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում