ՔԿ-ն հորդորում է«Սիթի Բայք»-ից տուժածներին դիմել նախաքննական մարմին
Նմանատիպ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներից սկսված՝ համացանցային տարբեր հարթակներով տարածվել են բազմաթիվ գովազդային հոլովակներ` ամերիկյան «Սիթի Բայք» անվանումով ընկերության հայաստանյան մասնաճյուղ ներկայացած նույնանուն ծրագրի միջոցով գումար վաստակելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեն։
Իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սիթի Բայք» անվանումով վերոնշյալ ծրագիրն առերևույթ հանդիսացել է ֆինանսական բուրգ, որտեղ անձի կողմից եկամտի ստացումը պայմանավորված է եղել բացառապես ծրագրում գումար ներդնելով և նոր անձանց ներգրավելով, և որևէ ձեռնարկատիրական գործունեություն փաստացի չի իրականացվել:
2023 թվականի դեկտեմբերի 22-ին «Սիթի Բայք» անվանումով ծրագիրը «փակվել է», և վերացել է ներդրված գումարների կանխիկացման հնարավորությունը, որի արդյունքում ծրագրում ներդրում իրականացրած մի շարք անձինք զրկվել են իրենց գումարները կանխիկացնելու հնարավորությունից:
Նման իրավիճակում հայտնված անձանց ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը խնդրում է դիմել համապատասխան հասցեով (հասցե՝ ք. Երևան, Դեղատան 3, հեռ.՝ 010 30-42-12)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում