ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին խոսք չկա. Կոպիրկին
Նմանատիպ
Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց դրված չէ։
«Ես չգիտեմ նման ազդանշանների մասին, ես առաջնորդվում եմ հայկական կողմից հնչեցված պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման մասին խոսք չկա, նման ազդանշաններ չեն եղել նաև ռուսական կողմից», – ասել է ՌԴ դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Երևանից ազդանշաններ են եղել Գյումրիում ռուսական բազայի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման մասին։
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։
«Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ։ Դա են վկայում մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե ինչ է այս առումով արվել ռուսական կողմի մասնակցությամբ, նախաձեռնությամբ։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում այս գործընթացին առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորմանը հասնելուն», – ասել է Սերգեյ Կոպիրկինը։
ՌԴ դեսպանը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։
«Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին, և Ռուսաստանը միշտ շատ ակտիվորեն ընդգծել է իր պատրաստակամությունը աշխատելու այդ ուղղությամբ բոլոր առումներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքում, լինի դա սահմանազատում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծում, վստահության ամրապնդման միջոցառումների մշակում, ներառյալ քաղաքացիական հասարակության միջոցով շփումները, հաղորդակցությունների բացում», – հավելել է Սերգեյ Կոպիրկինը:
Նա ընդգծել է, որ ստեղծվել են համապատասխան եռակողմ կառույցներ, որոնց ակտիվ մասնակցում է Ռուսաստանը։
«Կրկնում եմ՝ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է այս գործընթացին առավելագույն հնարավոր, անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուն։ Իհարկե, դա կողմերի որոշելիքն է, դա նրանց ինքնիշխան հարցն է։ Բայց, կրկնում եմ, Ռուսաստանը հավատարիմ եղել է, մնում է և կմնա այս ուղղությամբ ակտիվ աշխատանքին:Այս հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է, և մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն և բարգավաճ»,- ընդգծել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում