Կշարունակվի՞ երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցության ծրագիրը

Կշարունակվի՞ երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցության ծրագիրը

2020 թվականին կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության մի քանի ծրագիր, որոնցից մեկի համաձայն՝ պետությունը դրամական աջակցություն էր ցուցաբերում այն ընտանիքներին, ովքեր հիփոթեքային վարկով տուն էին ձեռք բերել և 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ընտանիքում երեխա էր ծնվել։

Aysor.am-ը ահազանգ էր ստացել, որ քաղաքացին հունվարին երեխա ունենալուց հետ, դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իր տարածքային բաժին, որպեսզի ստանա միանվագ աջակցությունը, սակայն նրան պատասխանել են, որ այդ ծրագիրը եղել է 2020-23 թվականներին և այս պահին չեն կարող ասել՝ կշարունակվի՞, թե՞ ոչ։

Լրատվականը դիմել է նախարարություն, որտեղից պատասխանել են. «Ծրագրի շարունակականության հետ կապված այս պահին քննարկումներ են ընթանում և մոտ օրերս պարզ կլինի՝ այն կշարունակվի՞, թե՞ ոչ։ Մենք հանդես կգանք լրացուցից տեղեկատվությամբ»։

Այն դիտարկմանը, թե երևի իրազեկումը պատշաճ չի կատարվել, քանի որ քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվել, որ ծրագիրը մշտական է և հանկարծակիի են եկել, երբ սոցապից տեղեկացրել են, որ ծրագիրը հաստատված է եղել մինչև 2023 թվականի ավարտի համար՝ նշել են. «Մենք պարբերաբար այդ ծրագրերի մասով իրազեկումներ ենք արել մեր սոցիալական ցանցերի էջերով, տարբեր հարթակներով, հաղորդումներով»։

«Այս պահին հստակ ոչինչ չենք կարող ասել։ Քննարկման փուլում է և մոտ օրերս կհստակեցվի՝ ծրագիրը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ 7-10 օրվա ընթացքում պարզ կլինի»։

Հարցին՝ եթե այնուամենայնիվ որոշեն, որ ծրագիրը շարունակվելու է, արդյո՞ք դա կտարածվի նաև այն ընտանիքների վրա, որոնք հունվար ամսին երեխա են ունեցել. «Դա էլ հստակ չեմ կարող ասել։ Մենք անում ենք ամեն ինչ, որ որևէ շահառու ծրագրից դուրս չմնա»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում շեշտել է, որ այդ աջակցությունը կարևոր նշանակություն ունի ցանկացած ընտանիքի համար. «Երեխա ունենալը, անշուշտ, յուրաքանչյուր ընտանիքի համար ծախս է առաջացնում, և պետությունը, ընտանիքներին աջակցելով, կարող է անուղղակիորեն նպաստել մեր երկրում ժողովրդագրական խնդիրների լուծմանը։ Կարծում եմ՝ այս ծրագիրը պետք է շարունակել, հաշվի առնելով մեր ժողովրդագրական իրավիճակը, նաև նկատի ունենալով  այն, որ 2025 թվականից դադարեցվելու է եկամտահարկի վերադարձի ծրագիրը։ Գոնե պետությունը այս ծրագիրը պահպանի, որն ընտանիքներին թույլ կտա երեխա ունենալով՝ հիփոթեքային վարկը նվազեցնել»։

Դիտարկմանը՝ այս ծրագիրը մեծ ծախս է  ենթադրում պետության համար՝ Պարսյանը նկատել է. «Այս պահին չեմ կարող կոնկրետ թիվ ասել, բայց կարող ենք այլ ծախսերի հաշվին դա կատարել։ Սա ժողովրդագրության մասով լուրջ գործոն է։ Ամեն երեխա պետության համար ավելի կարևոր է, քան ընթացիկ ծախսերը»։

Տնտեսագետը ևս  նշել է, որ ինքը, չնայած որ մասնակցել էր ժամանակին քննարկումներին, չէր ֆիքսել, որ այն ժամանակավոր է։

Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն էր տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։

Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։

Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։

Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում