Սիգի արդյունագործական որսի թույլտվությունը կհետաձգվի
Նմանատիպ
Սիգի արդյունագործական որսը Սևանում կթույլատրվի ոչ թե հունվարի 20-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ մարտի 1-ից։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՇՄՆ Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը։
«Հունվարի 20-ից հետո չի թույլատրվելու։ Արգելքի խստացման ժամանակահատվածը պայմանավորված է սիգի ինտենսիվ ձվադրման ժամանակահատվածով և առավել խիստ վերահսկողական միջոցառումներ իրականացնելու պահանջով։ Բայց այնպես չէ, որ հունվարի 20-ից հետո արդեն թույլատրվում է իրականացնել սիգի որս։ Սիգի որսը կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սկսել մարտի 1-ից»,– պարզաբանել է պաշտոնյան` հավելելով, որ համապատասխան որոշման նախագիծը կառավարությունում արդեն շրջանառում է։
Դրանով նախատեսում է սիգի արդյունագործական որսը այս տարի թույլատրել մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը։ Որսի համար թույլատրելի քանակը նախատեսված է 255 տոննա` նախորդ տարվա 300–ի փոխարեն։ Որսաքանակի նվազեցման պատճառը Սևանում սիգի պոպուլյացիայի կրճատումն է։
Հիշեցնենք` Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված սահմանվել էր ձկան որսի արգելք` 2023 թվականի նոյեմբերի 25–ից մինչև հունվարի 20–ը։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրերս հաղորդարություն էր տարածել, որտեղ ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ սիգի որսի արգելքը կգործի մինչև 2024 թվականի հունվարի 20–ը ներառյալ։
Սիգի սիրողական որսն ընդհանրապես արգելված է։ Սևանում սիգ թույլատրվում է որսալ միայն արդյունագործական որսի թույլատրելի քանակության շրջանակում, հատուկ թույլտվության առկայությամբ։
Ինչ վերաբերում է այլ ձկնատեսակների սիրողական որսին, դրանց թույլատրելի քանակը, ժամանակահատվածն ու որսի թույլատրելի պարագաները սահմանվում են ՇՄՆ նախարարի հրամանով։
Սիրողական որսի համար թույլատրված տեսակներն են կարմրախայտը, ծիածանախայտ ֆորելը, կովկասյան թեփուղը, սպիտակ և սև ամուրը, Կուրի կողակն ու բեղաձուկը, ճանարը, արևելյան տառեխիկը, ծածանը, սպիտակ և խայտաբղետ հաստաճակատը, արծաթափայլ կարասը, մուրծան բրամը, լոքոն և խեցգետինը։
Ինչ վերաբերում է խեցգետնին, որի գոյությանը սպառնացող վտանգի մասին մասնագետները պարբերաբար ահազանգում են, Սևանա լճում դրա սիրողական որսը նույնպես արգելված է, իսկ արդյունագործական որսի իրավունքն ու չափաքանակը, անհրաժեշտության դեպքում, սահմանվում են կառավարության որոշմամբ։
«ԳԱԱ հաշվետվություններում Սևանում խեցգետնի առկայության մասին խոսք կա, բայց, հաշվի առնելով որսագողությունը, խեցգետնորսիչների անօրինական օգտագործումը, խեցգետինը չի հասցն ում դառնալ այն չափի, որպեսզի դառնա արդյունագործական պաշար։ Պահպանությունն ու հսկողությունը խստացնելու պարագայում հույսեր կան, որ խեցգետինը կհասնի արդյւնագործական չափի, և արդեն կթույլատրվի իրականացել արդյունագործական որս»,– հույս է հայտնել Սևակ Բալոյանը։
Իսկ խեցգետնի սիրողական որսը, Սևանա լճից բացի, ՀՀ այլ ջրային տարածքներում նախարարի հրամանով թույլատրվելու է փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, բացառությամբ բազմացման ժամանակահատվածի՝ մայիս-օգոստոս ամիսները։ Ընդ որում, որսալ կարելի է միայն 9 սմ և ավելի մեծ չափի խեցգետիններ` տեսակի հետագա վերարտադրությունը չվտանգելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում