Ագարակ հնավայրը մասնագետները ֆենոմենալ են անվանում

Ագարակ հնավայրը մասնագետները ֆենոմենալ են անվանում

2001 թվականից պեղվող Ագարակ հնավայրը մասնագետները ֆենոմենալ են անվանում․ այստեղ պեղվել է ուրարտական ժամանակների ժայռափոր դամբարան, որն իր ձևով միակն է ժամանակակից Հայաստանի տարածքում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։

Երևան-Գյումրի ճանապարհի ձախ կողմում՝ Աշտարակից մի քանի կմ հեռավորության վրա, մի հսկա քարաժայռային հարթակ կա՝ կենդանանման քարե ելուստներով։ Ու, հնարավոր է` մի հարյուր անգամ անցել եք այդ տեղանքով՝ չմտածելով, որ նմանը չունեցող հնավայրի կողքով եք անցնում։ Այն, ի դեպ, ճանապարհի երկու կողմերում է։ Դեռ խորհրդային տարիներին կառուցված ճանապարհը կիսել է հազարամյա բնակատեղին։ Ագարակի հնավայրը հայտնաբերվել է պատահաբար, մոտ 24 տարի առաջ։ Պեղումները նախաձեռնող հնագիտական խումբն էլ պատկերացում չուներ, թե ինչ ծավալների ու կարևորության հնավայրի հետ գործ ունի։ Հնագիտական արշավախմբի ղեկավար, պ․գ․դ․ Պավել Ավետիսյանը խոստովանում է՝ այնքան անհավանական էին թվում նման ծավալները, որ սկզբնական շրջանում զգուշորեն էր բարձրաձայնում իր կասկածների մասին՝ ամբողջ քարահարթակը մարդու կողմից է մշակված։ 2001 թվականից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը սկսեց պեղումներ իրականացնել։ Նույն թվականին կառավարության որոշմամբ հնավայրին տրվեց արգելոց-թանգարանի կարգավիճակ:

Պարզվեց, որ Ք․Ա․ 4-րդ հազարամյակում, միգուցե դրանից էլ վաղ, այս ամբողջ ժայռակոփ տարածքը եղել է ծիսապաշտամունքային, սրբազան արարողությունների վայր։

«Ագարակը բացառիկ, ֆենոմենալ հնավայր է․ նման ծավալների ու վաղեմության ծիսական լանդշաֆտների օրինակներ ամբողջ Փոքր Ասիայում չկան։ Անգամ խեթական օրինակներ կան, որոնք առնվազն հազար տարով հետո են Ագարակից»,- ասում է Ավետիսյանը։

«Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 118,2 հեկտար, սակայն թե որքան է իրական հնավայրի տարածքը, մինչև հիմա՝ երկու տասնամյակ անց էլ, հնագետները մոտավոր պատկերացումներ ունեն։

Պատմահնագիտական հուշարձան-դասագիրք․ մասնագետներից շատերն այսպես են բնորոշում տարբեր ժամանակաշրջաններ ու շերտեր ընդգրկող վայրը՝ վաղ բրոնզեդարյան, ուրարտական, միջնադարյան և այլն։ Պավել Ավետիսյանի խոսքով՝ Ագարակի բացառիկություններից մեկն էլ այն է, որ ի տարբերություն այլ վայրերի այստեղ շերտերը բավականին լավ ու մեծ ծավալի են պահպանված։

«Այսինքն՝ ինչ-որ ժամանակաշրջանում մարդը չի եկել ու նախկինում եղածը լրիվ ջնջել, քանդել, տեղը կառուցել, այլ տվյալ շերտի վրա է ստեղծել։ Ագարակում ևս մի կարևոր հանգամանք կա, նշանակությունն անընդհատ փոխվել է՝ մեկ եղել է բնակատեղի, հետո վերածվել գերեզմանոցի, հետո կրկին՝ բնակատեղի, այնուհետև, օրինակ, Զաքարյանների օրոք՝ կրկին գերեզմանոց։ Շարունակաբար մարդն այս տարածքն օգտագործել է»,- ասում է հնագետը։ Ի դեպ, ինչ վերաբերում է գերեզմաններին, Ագարակում հայտնաբերվել են բազմաթիվ քարափոր թաղումներ։ Ավետիսյանը շեշտում է՝ սա հռոմեական շրջանին հատուկ թաղման ձև է, որը կարելի է հանդիպել Միջերկրական ծովի շրջանում։

Պեղումների արդյունքում գտնվել է նաև ուրարտական ժայռափոր դամբարան, որն իր ձևով միակն է ժամանակակից Հայաստանի տարածքում։ Հայտնի է, որ ժայռափոր նման դամբարաններ կառուցվել են շատ երևելի, բարձրաստիճան մարդկանց, ընդհուպ արքաների համար։ Դամբարանի մուտքի հարևանությամբ էլ կարասային թաղում է պեղվել՝ ուրարտական կնիքով։

«Կա գերեզմանոց, որը վերաբերում է 3,4-5-րդ դարերին։ Երբ ամբողջ գերեզմանոցը պեղում ենք, տեսնում ենք, որ մարդիկ թաղվել են և՛ դասական քրիստոնեական ծեսով, և՛ կան մարդիկ, որ քրիստոնյա չեն եղել, թաղվել են կծկված դիրքով, կարասի, կճուճի մեջ, ու բոլորը նույն ժամանակի թաղումներ են։ Այսինքն` Ագարակում պեղվել է մի այնպիսի համայնքի գերեզմանոց, որտեղ դեռևս քրիստոնեությունը որպես պետական կրոն կա՛մ ընդունված չի եղել, կա՛մ ամրապնդված չի եղել։ Նաև մազդեական ծեսով թաղումներ կան, երբ թաղում են միայն փափուկ հյուսվածքներից առանձնացված ոսկորները, իսկ «լռության աշտարակների» վրա թողնում են մարմինը, փափուկ հյուսվածքները քայքայվում են, հետո են թաղում»,- նշում է հնագետը։ Ագարակում նաև գինու մեծաքանակ ժայռափոր հնձաններ են հայտնաբերվել, որոնք վկայում են՝ այս տարածքում զարգացած են եղել խաղողագործությունն ու գինեգործությունը։ Երբ 2010-ականներին սկսվում էր «Հյուսիս-հարավի» շինարարությունը, նախատեսվում էր, որ այս հատվածում ճանապարհը դեպի աջ պետք է լայնացվի։ Հնագետները պահանջեցին ճանապարհահատվածի աջ կողմում ևս պեղումներ անցկացնել, միայն դրանից հետո շինարարության աշխատանքները սկսել։ Այդ ժամանակ էր, որ աջ կողմի հարթակի վրա էլ հայտնաբերվեց հզոր պարսպի մի հատված, որի լայնությունը տեղ-տեղ 8 մետրի է հասնում, հայտնաբերվեց նաև հռոմեական ոճի առանձնատան՝ դոմուսի հետքեր։

Հնագետը վստահ է, որ Ագարակում դեռ տասնամյակների անելիք կա։

Մասնագետների ցանկությունն է, որ Ագարակը հանրահռչակվի՝ որպես բացառիկ հնավայր, ձևավորվի հնագիտական պարկ՝ զբոսաշրջային, ուսուցողական արահետներով, որ այստեղ այցելող զբոսաշրջիկը՝ հայ, թե օտար, պատկերացում կազմի, թե ուր է եկել։ Բայց մինչ հրատապ է հուշարձանի ամրակայումը, որն ընդգրկված է այս տարվա վերականգնման ծրագրերում։ Ամրակայման նախագիծը կազմել են իտալացի և հայ ճարտարապետներ` օգտվելով միջազգային փորձից։ Ամրակայելուց հետո որոշակի հատվածներում նաև հատուկ ծածկեր են նախատեսվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում