Երվանդ Քոչար․ ֆենոմենը

«Արվեստում հնարավոր չէ առանց խոչընդոտների»։

Երվանդ Քոչար

Հայ խորհրդային նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից։ Նրա կյանքն ու ստեղծագործությունը պարուրված էին արվեստով։ Թերևս, դրա պատճառներից մեկը Եվրոպան ու այնտեղ ստացած փորձն էր։

1922 թվականին Քոչարը արվեստին մոտիկից ծանոթանալու և այն ուսումնասիրելու նպատակով ուղևորվում է Եվրոպա։

Ուսումնառության ընթացքում մասնակցել է միջազգային ցուցահանեսների, որտեղ իր գործերը ցուցադրվել են Պիկասոյի, Լեժենի, Էռնստի և այլոց գլուխգործոցների կողքին։

1936 թվականի մայիսին, փառքի շեմին, 14 տարվա բացակայությունից հետո վերադառնում է Թիֆլիս, իսկ նույն տարվա աշնանը տեղափոխվում Երևան։

«Իրական արարումը նման է գինու։ Հայրենի հողից սնվող խաղողը հասունանում է արևի ճառագայթների տակ, հետո այն ճզմում են և տեղավորում մառանում։ Հետո արդեն գինին ըմբոշխնում են սիրո, ծննդի, հաջողության, տխրության ու վշտի սեղաններին։ Համեղ գինին տարածվում է ողջ աշխարհում, զարդարում սեղանները… Իրական ստեղծագործությունը նման է գինու»,- սա Քոչարի խոսքերն են, որոնք բացոտրում են նրա վերադարձն ու արվեստագետի բռնած ուղին։

Որքան էլ հայրենի հողը սնում էր նրան, բայց վերադարձը ճակատագրական է դառնում արվեստագետի համար։ 1937թ․-ի հոկտեմբերի 2-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրվում է «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին» հոդվածը, որից հետո Քոչարը  մեղադրվում է «Հակահեղափոխական քարոզչության և հակահեղափոխական գործունեության» մեջ։

Մեղադրանքները չեն խանգարում Քոչարին ակտիվորեն ստեղծագործել։ Նա միաձուլում է դասականն ու նորարարականը, նոր հայացքով է սկսում նայել արվեստին, մշակութային կյանք է բերում նոր շունչ ու նկարչության նոր տեսակ։

Քոչարը կարևոր մի հայտնագործություն է կատարում իր առանձին կտավներում՝ «Կանացի դիմանկար», «Տղայի գլխանկար», « Կապույտ սափորով նատյուրմորտ», «Կոմիտաս». նա սովորական յուղաներկերի կամ արծնաներկերի փոխարեն օգտագործել է հատուկ մոմաներկեր, որոնց պատրաստման համար 1948 թվականի փետրվարի 19-ին ՍՍՌՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտարարությունների և հայտնագործությունների կոմիտեի որոշմամբ նրան հեղինակային վկայագիր է տրվում։

Դեռևս մ․թ․ա․ 5-րդ դարում հույները մշակել էին մոմաներկերի կիրառման «տաք եղանակը», որը կոչվում է «էնկաուստիկայի» տեխնիկա, դրանով երկար ժամանակ նկարում էին նաև բյուզանդացի նկարիչները։ Բայց երկար չանցած՝ այդ տեխնիկան իր տեղը զիջեց տեմպերային և ապա յուղաներկին։ Մոմաներկերի պատրաստման դեղագիրը ժամանակի ընթացքում աստիճանաբար մոռացվում է։ 18-20-րդ դարերի հնագիտական պեղումները, նոր լույս սփռեցին էնկաուստիկայի վրա։ Քոչարը կարողանում է վերականգնել «սառը եղանակը»՝ որը մի շարք առավելություններ ուներ։ Յուղաներկերի համեմատությամբ դրանք չեն ենթարկվում քիմիական քայքայիչ հակազդումներին, չեն մգանում ժամանակի ընթացքում, չեն ծածկվում մանր ճաքերով ու ճեղքվածքներով, չեն վախենում ցրտից և շոգից, ընդունակ են դարերով պահպանել իրենց սկզբնական թարմությունը։

«Սասունցի Դավիթ»-ը՝ տոկունության նշան

Նրա 20 տարվա աշխատանքի գլուխգործոցն ու գագաթնակետն է դառնում «Սասունցի Դավիթը»։ Այս աշխատանքի համար նա 1961 թվականին արժանացել է Պետական պարգևի, 1956 թվականին դարձել է Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ` 1976 թվականին։

1939 թվականին Քոչարը ստեղծում է «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքների շարքը, որը արժանանում է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու հիացական գնահատականին, և նրա ընտրությամբ էպոսի համահավաք տեքստի լենինգրադյան, ակադեմիական հրատարակությունը տպագրվում է այդ նկարազարդումներով։ Գրաֆիկական յոթ պատկերներից բաղկացած շարքում ներկայացված են առասպելական հերոսների չորս սերունդները։ «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը նկարազարդելիս Քոչարը դիմում է ինչպես հին արևելյան և միջնադարի հայ քանդակագործության ավանդույթներին, այնպես էլ եվրոպական նոր՝ ռենեսանսյան պլաստիկայի գեղարվեստական լեզվին։

Այդ տարի Քոչարը նաև «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի հազարամյակի տոնակատարության շրջանակներում, անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում, ստեղծում է «Սասունցի Դավթի» գիպսե արձանը (առաջին տարբերակ)։ Այն տեղադրվում է կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնում մոտ 2 տարի։

«Սասունցի Դավթի» ճակատագիրը նույնքան բարդ էր, որքան հեղինակինը։

1941 թվականին՝ պատերազմի սկսվելու հենց առաջին օրը, Քոչարը ձերբակալվում է։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի բարեկամ Թուրքիա…»։ Քոչարը մեղավոր է ճանաչվում հակահեղափոխական քարոզչության և հակահեղափոխական  գործունեության մեջ։ Դատավճռի հրապարակումից հետո Սասունցի Դավթի արձանը ոչնչացվում է։

Քոչարը 1943 թվականի օգոստոսին ազատ է արձակվում։ 1957 թվականին Երքաղսովետը որոշում է վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծում է իր գլուխգործոցներից մեկը։ Արձանի բացումը տեղի է ունենում 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։

Այժմ «Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին, երկար տարիներ է՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է, և մինչ այսօր «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է, քաշը՝ 3,5 տոննա։

Այսօր հանճարեղ արվեստագետի մահվան օրն է։ Երվանդ Քոչարը վախճանվել է 1979 թվականի հունվարի 22-ին Երևանում։ Նրա մահը մեծ կորուստ էր թե՛ արվեստագետների, թե՛ արվեստասեր հասարակության համար, սակայն նրա թողած ժառանգությունը սերունդների շուրթերին մշտահունչ է պահում Երվանդ Քոչար ֆենոմենի անունը։

 

ԱՌԼԻՆԱ Սարգսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում