«Ժլատ» Արամ Խաչատրյանը և Առնո Բաբաջանյանի «դասը»
Նմանատիպ
Երկու հանճարեղ կոմպոզիտորների հանդիպումը որոշված էր ի վերուստ։ Արամ Խաչատրյանն առաջին անգամ փոքրիկ Առնոյին նկատել է դեռևս վեց տարեկանում։ Հայկական ամենասովորական մանկապարտեզ այցելած բարձրաստիճան հյուրին ապշեցրել է հրաշամանուկի տաղանդը։ Ապշեցուցիչ էին անգամ փոքրիկ Առնոյի ֆիզիկական համամասնությունները՝ խոշոր ձեռքեր, անհավանական մեծության քիթ։
Լսելով վեց տարեկան տղային` Խաչատրյանն արձանագրեց՝ «Նա ընտրյալ է»։
Այսպես սկսեց նրանց ծանոթությունը, որը տարիների ընթացքում վերածվեց մեծ բարեկամության։
Բաբաջանյանը, բացի բացառիկ լսողությունից, ուներ նաև հրաշալի հումորի զգացում։ Նրա անվան հետ են կապված բազմաթիվ ուշարժան պատմություններ։ Դրանցից առանձնացրել ենք մեկը՝ Արամ Խաչատրյանի «ժլատության» և Առնո Բաբաջանյանի՝ նրան տված «դասի» մասին։
Հայտնի կինոռեժիսոր ու մեծ հումորիստ Հենրի Հովհաննիսյանը և Առնո Բաբաջանյանը մտերիմ ընկերներ էին։ Մի անգամ որոշում են Արամ Խաչատրյանի գլխին խաղ խաղալ։ Մոսկվայում շատերը գիտեին Արամ Իլյիչի ժլատության մասին, և մի օր էլ Հենրիկի հետ որոշում են «պատժել» կոմպոզիտորին:
«-1963 թվականն էր ու մոտենում էր նրա 60-ամյակը, ու այդ օյինբազ Հենրին ինձ ներկայացրեց իր մտածած պլանը… Մենք հարևաններ էինք Արամ Իլյիչի հետ, ու ըստ այդ պլանի, մի օր գնացի նրա մոտ և մի անհետաձգելի գործի համար պարտքով որոշ գումար խնդրեցի՝ խոստանալով, որ երկու օրից անպայման կվերադարձնեմ… նույնիսկ ժամը պայմանավորվեցինք: Մի կերպ համոզեցի, ընդգծելով, որ էլ ինչ հարևաններ ենք, որ իրար օգնության ձեռք չմեկնենք…»,- հիշում է Բաբաջանյանը
Ուղիղ երկու օր հետո, ճիշտ նշանակված ժամին այդ նույն գումարը Առնո Բաբաջանյանը տանում ու վերադարձնում է։ Խաչատրյանն ուրախանում է, որ կոմպոզիտորը ճշտապահորեն կատարել էր խոստումը:
Անցնում է 1,5-2 ամիս, և ըստ այդ պլանիՙ Բաբաջանյանը նորից է ծեծում Խաչատրյանի դուռը։
«- Արամ Իլյիչ ջան, ինձ «Վոլգա» մեքենա են առաջարկում, սակայն գումարս չի հերիքում… մեկ շաբաթից մեծ հոնորար ունեմ ստանալու, այդ փողը տուր մեքենան ձևակերպեմ, հոնորարս ստանալուն պես ուղիղ մեկ շաբաթից անպայման կվերադարձնեմ: Դու գիտես, թե ինչ պարտաճանաչ եմ նման հարցերում…,- խնդրեցի նրան: Մեծ դժկամությամբ ու քթի տակ փնթփնթալով բերեց այդ գումարը, ինչը պայմանավորված օրը նորից տարա ու վերադարձրեցի իրեն»,- ասում է Բաբաջանյանը:
Արամ Իլյիչը ուղղակի հիացած էր Առնոյի ճշտապահությամբ ու սկսում է ամենուր շառյլորեն գովել նրա պարտաճանաչությունը: «Խեղճը դեռ չէր պատկերացնում, թե ինչ սատանայական խաղ էինք սկսել նրա գլխին»,- կատակում է Առնո Հարությունովիչը:
«- Եվ վերջապես, մոտ 3 ամիս հետո, նրա ծննդյան օրվանից մի քանի օր առաջ, ես նորից ծեծեցի մեր մեծ կոմպոզիտորի դուռը: Այս անգամ նրանից ավելի խոշոր գումար խնդրեցի, պատճառաբանելով, որ շուտով հեղինակային մեծ համերգ եմ կազմակերպում, որից սպասվող հոնորարներս մի քանի անգամ գերազանցելու են նախկին իմ բոլոր աշխատած գումարներին և պարտքս լիովին փակելու հետ միասինՙ մի լավ նվեր էլ կառնեմ իր համար: Շատ երկար համոզեցի…
– Վերջին անգամը լինի,- փնթփնթաց Արամ Իլյիչը,- էլ ինձանից պարտք չուզես, այլևս չեմ տալու: Տանը այդքան գումար չունեմ, վաղը կգասՙ կվերցնես,- ասաց նա..․»։
Հաջորդ օրը վերցնելով այդ գումարը՝ Բաբաջանյանը նրան տեղեկացնում է, որ Մոսկվայի նշանավոր ու հայտնի հայրենակիցները՝ գիտնականներ, երաժիշտներ, նկարիչներ, ռեժիսորներ ու դերասաններ իր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Արարատ» ռեստորանում մեծ հյուրասիրություն են կազմակերպում և խնդրում են, որ Խաչատրյանն էլ անպայման ներկա լինի այդ խնջույքին:
Արամ Իլյիչը ընդհանրապես չէր սիրում նման միջոցառումները, սակայն այդ անգամ չի կարողանում մերժել։ Մայիսի 24-ին՝ երեկոյան, Առնո Բաբաջանյանն ու Հենրիկ Հովհաննիսյանը նրան վերցնելով՝ գնում են հայտնի «Արարատ» ռեստորանը։
«Բավականին մեծ թվով մարդկանց էինք հրավիրել հանդիսությանը՝ մոտ 35-40 հոգի։ Ճոխ ու համեղ ուտեստներով լեփ-լեցուն սեղանների գլխին նստեցրեցինք Արամ Իլյիչին, իսկ Հենրիկ Հովհաննիսյանն էլ սկսեց ղեկավարել խնջույքը… Շնորհավորական կենացներ, հայկական համեղ ճաշատեսակներ, խորտիկներ, կոնյակ ու գինի, ժողովրդական երգեր, դուդուկ ու զուռնա… մի խոսքով, Խաչատրյանը դժվարությամբ, բայց աստիճանաբար համակվեց խնջույքային մթնոլորտով և նույնիսկ իր անձի ու 60-ամյակի նկատմամբ նշանավոր հայրենակիցների կողմից այդպիսի ուշադրության համար հանդես եկավ շնորհակալական բաժակաճառով»,- հիշում է կոմպոզիտորը:
Խնջույքը մոտենում էր ավարտին, ու նրա խոսքից անմիջապես հետո Հենրիկ Հովհաննիսյանը, վերցնելով գինով լի բաժակը, դիմում է Խաչատրյանին։
«- Արամ Իլյիչ ջան, ոչ թե դու պետք է մեզ շնորհակալություն հայտնես, այլ մենք ենք քեզ երախտապարտ, որ մեզ հավաքեցիր այս ճոխ սեղանի շուրջը, այդքան մեծ գումար տրամադրեցիր նման խնջույքի համար ու այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի մոռանա, թե ինչպիսի մեծ ու լայն հոգու տեր ես դու և ինչքան շռայլ նման հարցերում… Եկեք ավանդույթ դարձնենք և յուրաքանչյուր քո ծննդյան օրը այսպիսի մասշտաբով ու միասին տոնենք այս հրաշալի ռեստորանում:
– Երկար կյանք քեզ… Առողջություն ու նոր հանճարեղ ստեղծագործություններ…»,- համընդհանուր ծափողջույնների ներքո ասում է Հենրին ու դատարկում գինով լի գավաթը:
Բաբաջանյանը նստել էր հոբելյարի մյուս կողքին ու երբ հնչում են գումարի հատկացման մասին Հենրիի խոսքերը, Արամ Իլյիչը շրջվում է դեպի Առնոն ու մի տեսակ շշմած հայացքով շշնջում ականջին, թե ինչ գումար, ինչ շռայլություն, ինչ մասին է խոսում Հենրին:
Բաբաջանյանն անմիջապես վերցնում է բաժակն ու ոտքի կանգնելով՝ դիմում նրան։
«-Արամ Իլյիչ ջան… Հիշո՞ւմ ես, երբ այս խնջույքի համար դու ավելի խոշոր գումար էիր առաջարկում, ես ասացի, որ այդքանն էլ բավարար է ու խոստացել էի, որ դեռ նվեր էլ կգնենք քեզ համար: Ահա՛, այժմ մեր բոլորի անունից քեզ եմ նվիրում քո 60-ամյակի կապակցությամբ Մոսկվայի հայության կողմից «գրառումով» այս ոսկեզօծ թասը, որպեսզի ավելի մեծ ու ճոխ սեղանների մասնակցես ու թասդ էլ միշտ լեցուն լինի հայկական անուշահամ գինով…»,- ասում է Բաբաջանյանը։
Ավարտելով բաժակաճառը՝ վերջինս գինին լցնում է այդ թասի մեջ ու տալիս դեռ ուշքի չեկած Արամ Իլյիչին։ Սեղանակիցներն էլ ոտքի կանգնելով՝ միաձայն պահանջում են, որ նա դատարկի այդ թասը: Խեղճը, հասկանալով, թե ինչ են բերել իր գլխին, լուռումունջ գլխին է քաշում թասի պարունակությունն ու մինչև խնջույքի ավարտը այլևս ոչինչ չի խոսում։
Արամ Խաչատրյանն ուղիղ մեկ տարի չէր խոսում Բաբաջանյանի հետ: Հետո, աստիճանաբար ուշքի գալով, ամեն հանդիպման ժամանակ հեգնական ժպիտով ասում էր՝ «էլ փող պե՞տք չէ…»։
Ահա այսպիսի չար կատակ սարքեցին Առնո Բաբաջանյանը և Հենրիկ Հովհաննիսյանը մեծ կոմպոզիտորի գլխին։
Այս տարի լրացել է հանճարեղ կոմպոզիտորի, անձնվեր հայի՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակը։ Նա եզակի էր ոչ միայն իր տաղանդով, այլև մարդկային հատկանիշներով։
Շնորհավոր տարեդա՛րձդ, մահին հաղթած հանճա՛ր։ Քո անունը կմնա սերունդների շուրթերին, երաժշտությունը՝ համաշխարհային մշակույթի գագաթին։
ԱՌԼԻՆԱ Սարգսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում