Կարմիր ծովում ճգնաժամի պատճառով Եվրոպայում գները կփոխվեն
Նմանատիպ
Տարբեր տեսակի ապրանքները, որոնք Ասիայից Եվրոպա են մատակարարվում կոնտեյներային նավերով, Կարմիր ծովում ճգնաժամի պատճառով կարող են մինչև 10 տոկոս թանկանալ։ Այս մասին գրել է իտալական il Messaggero թերթը:
«Կարմիր ծովի հարկը» վերաբերում է էլեկտրոնիկային, ինտերիերի և նորաձևության իրերին, ավտոպահեստամասերին և նույնիսկ Մերձավոր Արևելքից գազի մատակարարմանը, նշում է պարբերականը:
Այսպես, Շանհայից Ջենովա ծովային կոնտեյների փոխադրման արժեքն աճել է 360 տոկոսով՝ հասնելով 6300 դոլարի։ Միջազգային քաղաքական հետազոտությունների իտալական ինստիտուտի (ISPI) գնահատականներով՝ փոխադրումների հետ կապված դժվարությունները սպառնում են Կատարից հեղուկ գազի տարանցմանը, ինչի ապացույցն արդեն նավի ուշացումն է, որը պետք է ժամաներ Վենետոյի հյուսիսային շրջանի նավահանգիստ:
Ինչպես հայտնել է նույն ինստիտուտը, Կարմիր ծովում տիրող իրավիճակի պատճառով Եվրոպայում սպառողական գների ինդեքսն այս տարի կարող է 1,8 տոկոսային կետով բարձր լինել, քան ճգնաժամից զերծ իրավիճակներում:
Ինչպես գրում է il Messaggero-ն, գների բարձրացման հետ կապված տագնապից արդեն տուժել են մանրածախ առևտրականները, խոշոր ավտոարտադրողները, հագուստի և կահույքի արտադրողները: Փորձագետների գնահատմամբ՝ թանկացումների վրա կարող են ազդել նաև արտադրողների և առևտրականների կողմից շահարկումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում