«Գիքոր»-ը գրողի պես մարդ»-ը կամ քիչ հայտնի փաստեր Պարույր Սևակի մասին

«Գիքոր»-ը գրողի պես մարդ»-ը կամ քիչ հայտնի փաստեր Պարույր Սևակի մասին

Այսօր հայ ականավոր բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակն է։ Սևակը ծնվել է 1924 թվականին Արարատի մարզի Դաշտամեջ (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։

Նրա անվան հետ են կապված բազմաթիվ ուշագրավ իրադարձություններ։ Ներկայացնում ենք մի քանի հետաքրքրիր փաստ հանճարի կյանքից, որոնք, գուցե, ձեզ հայտնի չեն։

1 Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպես զանազան կարգի նշումներում, իբրև ծննդյան օր նշված է 1924թ․-ի հունվարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգությունը» անավարտ ուսումնասիրության ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ.-ի հունվարի 24-ի նշումի կողքին Պարույր Սևակը ավելացրել է՝ «ծննդյանս օրը»:

 

Ծննդյան օրը փոխելն ընդունված երևույթ էր սովետական շրջանում։ Նույն կերպ Առնո Բաբաջանյանի հայրը հունվարի 21-ից որդու ծննդյան օրը փոխել էր հունվարի 22-ը, քանի որ որդու լույս աշխարհ գալը համընկել էր Լենինի մահվան օրվա հետ։ Իսկ այդ օրը ամբողջ ԽՍՀՄ տարածքում սուգ էր հայտարարվում։

Այդկերպ Սևակի ծնողները հունվարի 24-ի փոխարեն փաստաթղթերում նշում են հունվարի 26։

2 Պարույր Սևակին որդեգրել էին հորեղբայրն ու կինը, քանի որ երեխաներ չունեին։ Այն տարիներին դա տարածված երևույթ էր։ Բացի այդ, նրանք և Սևակի իսկական մայրն ու հայրը՝ Անահիտն ու Ռաֆայելը, ապրում էին մի տան մեջ, ուստի առանձնապես կարևորություն չի տրվել այդ իրողությանը։ Մոտ հինգ տարի Պարույրը եղել է հորեղբոր որդեգիրը, սակայն հորեղբոր կինը բաժանվում է և հեռանում տնից։

Սևակը վերադառնում է իր իսկական ծնողների մոտ, բայց շարունակում է նրանց անվանել Ամի և Ազի, որը նշանակում է «հորեղբայր» և «հորեղբոր կին»։

3 Մանուկ Պարույրը գրել-կարդալ սկսել է 5 տարեկանից։ Տեսնելով նրա ընդունակությունները դպրոցի ուսուցիչը թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց։

«Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն»,- հիշում է Սևակը։

Նա գիշերները գրի էր առնում գրողների կյանքն ու ստեղծագործությունը, որով իր ֆիզկուլտուրայի ուսուցիչը հաջորդ օրը դասավանդում էր։ Դասի ժամանակ էլ այդ թելադրածը դարձյալ գրում էր, և այդպես մեկ տարի։

Հետագայում Սևակն իր հուշերում գրել է․ «․․․Գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

Դեռ փոքր տարիքից նրա մեջ նստած էր սերը դեպի գրականությունն ու մշակույթը։

4 Պարույր Ղազարյանին Սևակ ազգաննունն է տվել արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը։

Ռուբեն Զարյանը պատմում է՝ «Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական գրականություն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները (բանաստեղծությունները, ոչ անուն-ազգանունը): Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաև գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սևակ, Պարույր Սևակ: Չէ՛, շատ լավ է հնչում»:

5 Պարույր Սևակի սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ․), «Սայաթ-Նովա» (1965թ․) ֆիլմերը։

6․ Իմանալով, որ Չարենցի գրքերն արգելվել են, գրադարանից գողացել է «Գիրք ճանապարհին», որի ընթերցումն էլ «Պարույրին հասկացնել է տալիս, որ իր արածը դեռևս պոեզիա չէ, որ …լավ է լինել լավ ընթերցող, քան ոտանավոր գրող»։ Հրաժարվելով գրող դառնալու մտքից՝ որոշել է զբաղվել գրականագիտությամբ և բանասիրությամբ, սովորել է գրաբար, բնագրով կարդացել հայ պատմիչներին, սովորել լեզվաբանություն, ռուսաց լեզու և գրականություն, ծանոթացել համաշխարհային պոեզիային։

Պատմում են, որ հանրակացարանում, ուր ապրում էր ինքը, շատ հաճախ գլուխը ամուր կապում էր շորով (գլխացավ չունենալու համար), ոտքերը դնում սառը ջրի մեջ (քունը չտանելու համար) և գիշերները լուսացնում կարդալով և նշումներ ու մշակումներ կատարելով։

1967-ին նա հրապարակային պաշտպանության ներկայացրեց «Սայաթ-Նովա» աշխատությունը՝ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու համար, սակայն մասնագիտական խորհուրդը, նկատի ունենալով այդ աշխատության բացառիկ արժեքը, նրան միանգամից շնորհեց բանասիրության դոկտորի գիտական աստիճան, մի բան, որ հազվադեպ երևույթ էր ողջ խորհրդային գիտական աշխարհում:

7 Մի անգամ, երբ Պարույր Սևակը Վարդգես Բաբայանի հետ Չանախչիից Արտաշատ վերադառնալիս է լինում, որոշում է նստել առաջին պատահած մեքենան, որը կկանգնի: Մի երկու մեքենա են անցնում, մինչև մեկը կանգնում է՝ «տեղ-տեղ ցեցը կերած, հալից ընկած «Պոբեդա»»,- գրում է Վարդգես Բաբայանը: Պարույրը նստում է վարորդի կողքին, հետի զոլավոր խուրջինը տեղավորում ոտքերի տակ: Վարորդը, քթի տակ խնդմնդալով, հարցնում է.

-Ի՞նչ է միջինը:

Սևակը որսում է ծաղրը և ասում.

-Նավթալին:

-Էսքան նավթալինն ինչի՞դ է պետք:

-Պե՞տք է, վերցրու լցրու ավտոյիդ վրա, ցեցը չուտի։

-Էս էլ որ չլիներ, պարախոդո՞վ էիր գնալու:

-Չէ՛, ինչո՞ւ, էշախոդով:

-Դրա շինողը սա՞ղ է,- Պարույրի չիբուխը ցույց տալով՝ հարցնում է վարորդը:

-Չէ՛, մեռել է:

-Ափսո՜ս…

-Ի՞նչն է ափսոս:

-Մի հատ էլ դրանից ինձ համար շիներ:

-Որ շատ ես ուզում, մեր տանը սրա նման մի լուլակ կա (երեխայի միզելու հարմարանք օրորոցում), կտամ քեզ՝ մեջը թութուն լցրու՛, հա՜ ծխի…

Ծիծաղում են: Այդպես լեզվակռիվը շարունակվում է մինչև Արտաշատ: Երբ իջնում են,  Սևակին է մոտենում այդ ժամանակ միլիցիայի կապիտան Ցուցուլյանը, ու նրանք ջերմորեն գրակախառնվում են:

-Ախպոր պես ասա՛՝ ո՞վ է,- Բաբայանի ականջին փսփսում է վարորդը:

-Պարույր Սևակը:

-Վայ ամա՜ն, խայտառակ եղա,- ասում է վարորդը ու արագ քշում հեռանում:

 

ԱՌԼԻՆԱ Սարգսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում