Ֆրանսիան մերժել է Իլ-76 ինքնաթիռի խոցման թեմայով ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու ՌԴ խնդրանքը
Նմանատիպ
Ֆրանսիան մերժել է Բելգորոդի շրջանում ուկրաինացի գերիներին տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի խոցման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու Ռուսաստանի Դաշնության խնդրանքը, հաղորդում է ՌԴ–ի մշտական ներկայացուցչությունը։
Տեղեկացվում է, որ հանդիպումը նախատեսվում է տեղափոխել ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 01:00-ին (Երևանի ժամանակով 02:00-խմբ.):
Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շտապ նիստ էր խնդրել Բելգորոդի շրջանում ուկրաինացի գերիներին տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի խոցման թեմայով։
Նշենք, որ երեկ Մոսկվայի ժամանակով 11:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 12:00-խմբ.) Բելգորոդի մարզում ուկրաինացի գերիներին տեղափոխող ԻԼ-76 ինքնաթիռ է կործանվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կործանված Իլ-76 ինքնաթիռում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայողներ, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի մարզ, օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող:
Իլ-76-ի կործանումից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կիևը կատարել է խելագար բարբարոսություն՝ անտեսելով մարդկային կյանքերը, խախտելով պայմանավորվածությունները, սպանելով օդաչուներին և ուղեկցորդ զինվորներին և կյանքից զրկելով իր քաղաքացիներին։ Ընդգծվել է, որ ուկրաինական բռնապետությունը զոհաբերել է իր գերիներին «Ռուսաստանի արյունոտ էությունը» ցույց տալու համար, սակայն ցուցադրել է իր նացիստական էությունը։