Netflix-ի շահույթը 2023 թվականի չորրորդ եռամսյակում 17 անգամ աճել է

Netflix-ի շահույթը 2023 թվականի չորրորդ եռամսյակում 17 անգամ աճել է

Netflix սթրիմինգային ծառայությունը 2023 թվականի չորրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17 անգամ ավելացրել է շահույթը։ Ինչպես փոխանցում է Bloomberg-ը, այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Netflix-ի զուտ շահույթը 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմել է 937,8 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում ծառայությունը վաստակել է 55,3 մլն դոլար։ Netflix-ի եկամուտը չորրորդ եռամսյակում աճել Է 12,5 տոկոսով՝ հասնելով 8,83 մլրդ դոլարի՝ 7,85 մլրդ դոլարից։ Զեկույցի հրապարակումից հետո Netflix-ի բաժնետոմսերը NASDAQ բորսայի պրեմարկետում 10,02 տոկոսով թանկացել և արժեն 541,5 դոլար, նշվում է հաղորդագրությունում։

Ծառայությունը 2023 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում ներգրավել է 13,1 միլիոն նոր օգտատեր, ինչը Netflix-ի չորրորդ եռամսյակի լավագույն ցուցանիշն է ողջ պատմության ընթացքում։ Դա զգալիորեն գերազանցել Է Ուոլ սթրիթի կանխատեսումները (ծառայության 8,91 մլն նոր հաճախորդներ), գրում Է Bloomberg-ը։ 

ԱՄՆ-ում և Կանադայում ավելացել է Netflix-ի 2,81 միլիոն բաժանորդ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում՝ 5,05 միլիոն, Լատինական Ամերիկայում՝ 2,35 միլիոն, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 2,91 միլիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում