Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հնարավոր է կնքեն երկամսյա հրադադար
Նմանատիպ
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնագրի ստորագրմանը, ըստ որի, կողմերը մոտ երկու ամսով կդադարեցնեն ռազմական գործողությունները՝ հարյուրից ավելի պատանդների ազատ արձակման դիմաց: Այս մասին հայտնել է թե The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ գործարքը կարող է կնքվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, ինչը կվերափոխի տարածաշրջանը ընդգրկող հակամարտությունը, կարծում են Պարբերականի զրուցակիցները:
Բանակցությունների մասնակիցները մշակել են համաձայնագրի գրավոր նախագիծ, որը միավորում է վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի առաջ քաշած առաջարկները, գրում է The New York Times-ը: Աղբյուրների խոսքով՝ չնայած կարևոր տարաձայնությունների առկայությանը, որոնք պետք է կարգավորվեն, բանակցությունների մասնակիցները զգուշավոր լավատեսություն են ցուցաբերում, որ վերջնական համաձայնագիրն արդեն հասանելի է:
Համաձայնագիրը նախատեսում է երկու փուլ, գրում է պարբերականը։ Ըստ տեղեկությունների՝ առաջին փուլում ռազմական գործողությունները կդադարեն մոտ 30 օրով։ Այս ընթացքում ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի կանանց, տարեց մարդկանց և վիրավոր պատանդներին, իսկ կողմերը կմշակեն երկրորդ փուլի մանրամասները, որը ևս մոտ 30 օրով կդադարեցնի ռազմական գործողությունները՝ իսրայելցի զինվորների և քաղաքացիական անձանց շրջանում արական սեռի ներկայացուցիչների ազատ արձակման դիմաց, ճշտել է լրատվամիջոցը: Գործարքը նաև թույլ կտա ավելացնել Գազայում մարդասիրական օգնության ծավալը։ Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների խոսքով ՝ երկամսյա հրադադարը կարող է հանգեցնել նրան, որ Իսրայելը չվերսկսի ռազմական գործողությունները այնպես, ինչպես հիմա է: «Հրադադարը պատուհան կբացի հետագա դիվանագիտության համար, որը կարող է հանգեցնել հակամարտության ավելի հիմնավոր լուծման»,-հստակեցրել են պարբերականի զրուցակիցները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում