ԱՄՆ-ն մտածում է Իրանի դեմ գաղտնի գործողության մասին. Bloomberg

ԱՄՆ-ն մտածում է Իրանի դեմ գաղտնի գործողության մասին. Bloomberg

Վաշինգտոնը դիտարկում է Իրանի դեմ գաղտնի գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման, որի հետևանքով ԱՄՆ երեք զինծառայող է զոհվել։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:

Նրա խոսքով՝ ռազմակայանին հասցված հարվածի արձագանքն ավելի կոշտ կլինի, քան ԱՄՆ-ի նախկին գործողությունները Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սկզբից ի վեր, որը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ ԱՄՆ-ի կողմից դիտարկվող տարբերակներից մեկը գաղտնի գործողությունն է, որի ընթացքում Վաշինգտոնը կհարվածի Իրանին, բայց դրա համար պատասխանատվություն չի ստանձնի: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը «հստակ ազդանշան» կուղարկի Իրանին, գրում Է Bloomberg-ը։

Մյուս տարբերակը Իրանի իշխանությունների ներկայացուցիչների վրա հարձակումներն են, նման մարտավարությունն օգտագործել է, մասնավորապես, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, երբ 2020 թվականին Բաղդադում հրամայել էր սպանել գեներալ Ղասեմ Սոլեյմանիին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ամերիկյան իշխանությունների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ կիրակի օրը՝ Հունվարի 28-ին, քննարկել են իրանամետ խմբավորումներին «նշանակալի ռազմական պատասխան» տալու հարցը, գրում է նաև Axios՝ հղում անելով իր աղբյուրներին: 

«Մենք պատերազմ չենք ուզում, բայց նրանք, ովքեր կանգնած են այդ հարձակման հետևում, պետք է զգան մեր պատասխանը»,-հայտարարել է պարբերականի զրուցակիցներից մեկը:

Bloomberg-ը նշում է, որ պատասխան գործողությունների պահանջով Բայդենի նկատմամբ ճնշումներն աճում են: Սակայն, ինչպես նշում Է գործակալությունը, այդ որոշումը կդառնա ամենանշանակալիներից մեկը Բայդենի ՝ պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում, քանի որ կարող է հանգեցնել Թեհրանի հետ ուղղակի առճակատման և «հետագա տնտեսական ցնցումների»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում