Հայաստանում կայացավ Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը

Հայաստանում կայացավ Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը

Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվեց ամենամյա դարձած Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը։ Համաժողովի նպատակն է համախմբել ոլորտի փորձագետներին, ուսումնասիրել ու քննարկել ժամանակի տնտեսական մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն գործոնները։

Համաժողովը կազմված էր երեք հիմնական բաժիններից՝ Ամունդիի ներդրումային տեսլականը 2024 թ․-ի համար. մակրոտնտեսությունից մինչև շուկաներ, արհեստական բանականությունը և բնապահպանական, սոցիալական, կառավարչական սկզբունքները և աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

«Հարգելի ներկաներ, ուզում եմ ձեզ ողջունել Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովի՝ երկրորդ տարին անընդմեջ իրականացվող միջոցառմանը։ Մեկ տարի առաջ մենք մեկնարկեցինք առաջին Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը և, քանի որ հաջողություն գրանցվեց, մենք որոշեցինք, որ այս միջոցառումը դարձնենք ամենամյա»,-համաժողովի բացմանն ասաց Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

Համաժողովի առաջին բաժնում, որը վերաբերում էր Ամունդիի ներդրումային տեսլականին 2024թ․-ի համար. մակրոտնտեսությունից մինչև շուկաներ, բանախոսներն էին Ֆրեդերիկ Պասկալը, Հրայր Ասլանյանը և Արմեն Նուրբեկյանը։

Ասլանյանը նշեց, որ Կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների թուլացումն էական նպաստել է ֆինանսական շուկաների վերականգմանը և կայուն եկամտաբերության ձևավորմանը։ Պասկալն իր հերթին ներկայացրեց Ամունդիի ներդրումային տեսլականը 2024թ․-իհամար։

Նուրբենկյանն իր ելույթը սկսեց նախորդ տարվա հիմնական անորոշություններից՝ առաջնահերթ մատնանշելով գնաճը միջազգային շուկաներում: 2023-ի սկզբում առկա վատատեսական սպասումները տարվա ընթացքում սկսեցին փոխվել. գնաճը սկսեց նվազել, այդուհանդերձ, բանախոսը նկատում է՝ անորոշություններն ի չիք չեն եղել:

Հաջորդ քննարկումը վերաբերում էր արհեստական բանականությանը և բնապահպանական, սոցիալական, կառավարչական սկզբունքներին։ Այստեղ հիմնական փորձագետներն էին Արամ Փախչանյանը, Մարի Բրիերը, Գարեգին Գևորգյան և Արմէն Խրլոբեանը։

Այս քննարկումը սկսվեց դահլիճի ներկաներին ուղղված հարցով. ո՞րն է լինելու արհեստական բանականության ամենամեծ մարտահրավերը։ Ներկաների գրեթե կեսը որպես մարտահրավեր նշել էին այն, որ արհեստական բանականությունն ինչ-որ պահից կփոխարինի մարդուն, իսկ 51%-ը  նշել էր տվյալների գաղտնիության վտանգը։

Բանախոսներից Փախչանյանը նշեց, որ արհեստական բանականությունը համատարած է, այն կա գրեթե բոլոր ոլորտներում և եթե ինչ-որ տեղ չկա այն, ապա շուտով հաստատ կլինի։ Իսկ Բրիերը խոսեց այն մասին, թե ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը օգնել ներդրումային որոշումներ կայանցնելու գործընթացում։

Ի պատասխան այն հարցին, թե արհեստական բանականության զարգացման իրավիճակում ԿԲ-ն լինելու է նախաձեռնո՞ղ, թե արձագանքող, ՀՀ ԿԲ-ի Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Գ. Գևորգյանը նշեց. «Կենտրոնական բանկը պատասխանատու չէ այս ոլորտի համար, թեպետ մենք նպաստում ենք Հայաստանի աճին։ Մեր հիմնական ոլորտը ֆինանսների և գների կայունությունն է, և մեր բոլոր որոշումները պայմանավորված են մեր լիազորությունների շրջանակով»։

Հաջորդ և վերջին քննարկումը վերաբերում էր աշխարհաքաղաքականությանը Հարավային Կովկասում և դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա։ Այստեղ հիմնական բանախոսներն էին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և  ֆրանսիացի գիտնական Ֆրեդերիկ Անսելը։

Այս քննարկումը մեկնարկեց Ժան Մազեջյանի խոսքով։ Ֆ. Անսելը սկսեց իր ելույթը՝ խոսելով աշխարհաքաղաքականության մասին։ Նա նշեց, որ արդեն 30 տարի է զբաղվում է աշխարհաքաղաքականությամբ և կարող է նշել, որ այն շատ բարդ ոլորտ է։

«Կենտրոնական բանկերը ապագա կանխատեսող կառույցներ չեն, այսինքն  մենք պետք է հասկանանք, որ մեր կարողություններ այս իմաստով սահմանափակ են և դրանով պետք է պայմանավորված լինի մեր անելիքը»,- նշեց Մարտին Գալստյանը ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս պետք է գործի ԿԲ-ն, երբ աշխարհում մեծանում է անորոշությունը։

Եզրափակելով վերջին քննարկումը՝ Գալստյանը նշեց. «Ամենակարևորը գաղափարներ գեներացնելն է։ Պետք է գեներացնենք գաղափարներ, բերենք լավագույն մասնագետներին,ինքներս մեզ հարստացնենք գիտելիքներով և հնարավորինս մուրացկանի մշակույթից հեռանանք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում