Ամունդիի ներդրումային տեսլականը 2024թ․-ի համար. մակրոտնտեսությունից մինչև շուկաներ
Նմանատիպ
Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվեց ամենամյա դարձած Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը։ Համաժողովի նպատակն էր համախմբել ոլորտի փորձագետներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի տնտեսական մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն գործոնները։
Համաժողովը կազմված էր երեք հիմնական թեմաներից՝ «Ամունդիի ներդրումային տեսլականը 2024թ․-ի համար. մակրոտնտեսությունից մինչև շուկաներ», «Արհեստական բանականությունը և բնապահպանական, սոցիալական, կառավարչական սկզբունքները» և «Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա»։
Առաջին բաժնում, որը վերաբերում էր Ամունդիի ներդրումային տեսլականին, բանախոսներն էին Ֆրեդերիկ Պասկալը, Հրայր Ասլանյանը և Արմեն Նուրբեկյանը։
Ասլանյանը նշեց, որ Կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների թուլացումն էականորեն նպաստել է ֆինանսական շուկաների վերականգմանը և կայուն եկամտաբերության ձևավորմանը։
«Սկսենք զարգացող երկրների բաժնետոմսերից։ Տեսնում ենք որ այստեղ ունենք 10% աճ 2023 թվականի համար։ Այն համեմատաբար ավելի համեստ է քան զարգացած երկրներում, բայց, այնուամենայնիվ, երկնիշ աճ է եղել 2023 թվականին և այդ համեստ աճի հիմնական մեղավորը, այսպես ասած, եղել է Չինաստանը։ Տեսնում ենք, որ Չինաստանում ունեցել ենք խորը անկում՝ 13%-ի չափով։ Շուկան ևս դրական արձագանքեց գնաճի նվազմանը և կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների մեղմացմանը»,- նշել է Ասլանյանը։
Խոսելով մեր ազգային արժույթի մասին՝ Հրայր Ասլանյանը նշեց, որ 2022-ի էական արժևորումից հետո 2023 թվականին 3-4%-ի սահմաններում ունեցել ենք որոշակի արժեզրկում թե՛ եվրոյի և թե՛ ԱՄՆ դոլարի նկատմամբ։
Ֆրեդերիկ Պասկալն իր հերթին ներկայացրեց Ամունդիի ներդրումային տեսլականը 2024թ․-իհամար։ «Տարին ավարտել ենք բարձր կետով, քանի որ գնաճը դանդաղել էր։ 2024-ին ակնկալում ենք Կենտրոնական բանկերի լուրջ դերակատարում։ Կանխիկ պարտատոմսերը նույնպես կարևորվել են, նույնպես դրական ցուցանիշ են ունեցել։ 4.3% է ԱՄՆ-ի կառավարության պարտամոսերի ցուցանիշը։ Պարտատոմսերի դրական ցուցանիշը հիմնականում եղել է 2023-իվերջին եռամսյակում, կարևոր է դա հաշվի առնել»։
Նուրբեկյանն իր ելույթը սկսեց նախորդ տարվա հիմնական անորոշություններից՝առաջնահերթ մատնանշելով գնաճը միջազգային շուկաներում: 2023-ի սկզբում առկավատատեսական սպասումները տարվա ընթացքում սկսեցին փոխվել. գնաճը սկսեց նվազել, այդուհանդերձ, բանախոսը նկատում է՝ անորոշություններն ի չիք չեն եղել:
«Շատ վաղ է համարել, թե գնաճի հարցը լուծված է: Դրանից ածանցվում են նաև սպասումները: Տնտեսական անորոշություններով և գլոբալ պահանջարկի դանդաղմամբ պայմանավորված՝ տեսանք, որ նավթի գները նվազեցին: Տեսնենք՝ ինչ կլինի: Իսկ պարենային ապրանքների գները ևս կայունացել ու նվազել են»,-նշել է Նուրբեկյանը:
Իսկ 2023-ի հայաստանյան մակրոմիջավայրը ԿԲ փոխնախագահը կարճ ձևակերպում է այսպես. «շատ բարձր տնտեսական աճ և շատ ցածր գնաճ»: Բայց դրամավարկային քաղաքականության տեսանկյունից դա պարզաբանելու կարիք կա:
Ուշագրավ զարգացումներ կան վարկավորման ոլորտում: Հիփոթեքային վարկերը հասել են սպառողականի ծավալին: Նուրբեկյանի խոսքով՝ սա առաջին անգամն է, երբ ունենում ենք համարժեք պորտֆելներ:
Եվ ի վերջո, գնաճի մասին: Սպառողական զամբյուղի ինդեքսը բարձր է եղել 2020-ից հետո, ապա գնաճը կտրուկ սկսել է նվազել: Դեկտեմբերին Հայաստանի 12-ամսյա գնաճը բացասական է՝ մինուս 0.5%:
ԿԲ փոխնախագահը վստահեցնում է՝ ինչ էլ լինի, գնաճը հասցնելու են թիրախային ցուցանիշին: Նուրբեկյանի խոսքով՝ 2025-ի վերջին Հայաստանում գնաճը մոտ կլինի նպատակային 4%-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում