Արհեստական բանականությունը Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովում
Նմանատիպ
Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվեց ամենամյա դարձած Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը։ Համաժողովի նպատակն էր համախմբել ոլորտի փորձագետներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի տնտեսական մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն գործոնները։
Համաժողովը կազմված էր երեք հիմնական թեմաներից՝ «Ամունդիի ներդրումային տեսլականը 2024թ․-ի համար. մակրոտնտեսությունից մինչև շուկաներ», «Արհեստական բանականությունը և բնապահպանական, սոցիալական, կառավարչական սկզբունքները» և «Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա»։
Երկրորդ քննարկումը վերաբերում էր արհեստական բանականությանը և բնապահպանական, սոցիալական, կառավարչական սկզբունքներին։ Այստեղ հիմնական փորձագետներն էին Արամ Փախչանյանը, Մարի Բրիերը, Գարեգին Գևորգյան և Արմէն Խրլոբեանը։
Այս քննարկումը սկսվեց դահլիճի ներկաներին ուղղված հարցով. ո՞րն է լինելու արհեստական բանականության ամենամեծ մարտահրավերը։ Ներկաների շուրջ կեսը որպես մարտահրավեր նշել էին այն, որ արհեստական բանականությունը ինչ-որ պահից կփոխարինի մարդուն, իսկ 51%-ը նշել էր տվյալների գաղտնիության վտանգը։
Անկախ փորձագետ Արամ Փախչանյանը իր ելույթում նշեց. «Արհեստական բանականությունը համատարած է, այն կա գրեթե բոլոր ոլորտներում և, եթե ինչ-որ տեղ չկա այն, ապա շուտով հաստատ կլինի և, եթե մենք խոսում ենք այս ընթացքի մասին, ապա մենք տեսնում ենք անընդհատ անհավասարակշիռ վիճակ ակնկալիքների և արհեստական բանականության տված հնարավորությունների միջև։ Մենք սկզբում ոչինչ չէինք ակնկալում, շատ սկեպտիկ էինք։ Նշում էին, որ Տեսլան երբևէ չի կարող ինքնություն կառավարվել, մեկ էլ եկավ ChatGPT, որից մենք ունենք ահռելի սպասելիքներ, շուտով այն լինելու է բոլոր ոլորտներում և փոխարինելու է մարդկանց։ Այս ամենը ալիքներ են մինչև կայունանա ոլորտը, սակայն մենք արդեն գիտակցում ենք, որ ազդեցությունը շատ մեծ է լինելու»։
Ամունդի ներդրումային ինստիտուտի ներդրողների գրագիտության և ակադեմիական համագործակցության դեպարտամենտի ղեկավար Մարի Բրիերը, խոսելով արհեստական բանականության մասին, նշեց. «Այսօր խոսելու եմ արհեստական բանականության մասին կայուն ֆինանսավորման տեսանկյունից՝ երկու կարևոր թեմաներ, որոնք փորձել ենք միավորել։
«Ինչպե՞ս կարող է այս հարցում մեզ օգնել արհեստական բանականությունը։ Այն օգնում է իրական ժամանակում հավաքել տեղեկություններ, ինչպես նաև այլ տեսակի տեղեկություններ օգտագործելով՝ տվյալների այլընտրանքային աղբյուրներ գտնել»,- ասաց Բրիերը։ Եզրափակելով իր խոսքը՝ փորձագետը նշեց. «Հուսով եմ, որ ես ձեզ համոզեցի, որ արհեստական բանականությունը կարող է շատ օգտակար լինել կայուն ֆինանսների համար»։
Ի պատասխան այն հարցին, թե արհեստական բանականության զարգացման իրավիճակում Կենտրոնական բանկը լինելու է նախաձեռնո՞ղ, թե արձագանքող, ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը նշեց.«Կենտրոնական բանկը պատասխանատու չէ այս ոլորտի համար, թեպետ մենք նպաստում ենք Հայաստանի աճին։ Մեր հիմնական ոլորտը ֆինանսների և գների կայունությունն է, և մեր բոլոր որոշումները պայմանավորված են մեր լիազորությունների շրջանակով։ Երբ մենք նայում ենք մեր լանդշաֆտին և տեսնում ենք, որ տեխնոլոգիան վերաձևավորում է տնտեսությունը, մենք շատ նախաձեռնողական քայլեր չենք ձեռնարկում և սա բնորոշ չէ միայն Հայաստանին։ Գրեթե բոլոր երկրներում կարգավորող մարմինները այդ դիրքորոշումն ունեն»։
«Եթե մենք ավելացնում ենք արհեստական բանականություն, ապա այն փորձում է կրկնօրինակել մարդկային զգացմունքները, փորձում է քո աչքերով, բայց համակարգչային միջոցներով տեսնել քո տեսածը և լուրջ խնդիրներ կան նաև տվյալների գաղտնիության, ինչպես նաև աշխատուժի հետ։ Տվյալների գաղտնիության տեսանկյունից հիմնական տվյալները բաց են և մի պետություն կարող է, ըստ էության, վերցնել մեկ այլ պետության տվյալները։ Սա ուղիղ միջամտում է երկրի տարբեր ոլորտների տվյալների բազաներին»,- նշեց Արմէն Խրլոբեանը ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի հարաբերությունները արհեստական բանականության և ֆինանսների միջև իր տեսանկյունից։
«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, սակայն, որ տվյալների գաղտնիության խնդիրը արհեստական բանականության առաջին մարտահրավերն է և աշխատուժի փոխարինումը միայն երկրորդ մարտահրավերն է»,-եզրափակեց Արմէն Խրլոբեանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում