Տնտեսական ակտիվության մեջ էական աճ է արձանագրել առևտուրը. ԿԲ նախագահի մամուլի ասուլիսը
Նմանատիպ
Այսօր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անցկացրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել է Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով իջեցնելու և 8.75% սահմանելու որոշումը։ Նշվել է, որ 2023 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.6%։ 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է կազմելով -0.4%։
Անդրադարձ է կատարվել նաև արտաքին ազդեցություններին։ Նշվել է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ։
«Միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճային միջազվայրը մեղմվում է և համաշխարհային գնաճը որոշակիորեն դանդաղում է։ 2024 թվականի սկզբին, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումների սրմամբ պայմանավորված, արձանագրվել է էներգակիրների գների որոշակի աճ և ձևավորվել են առաջարկի արժեթղթերի խաթարման ռիսկեր։ Նման իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում աստիճանաբար կթուլացնեն զսպող դրամավարկային պայմանները»,- ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Անդրադարձ կատարելով նաև Հայաստանում տնտեսական ակտիվությանը՝ Կենտրոնական բանկի նախագահը նշել է, որ չորրոդ եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել է նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը։
«Արտաքին պահանջարկը որոշակիորեն դանդաղել է զբոսաշրջության աճի տեմպի նվազման հաշվին։ Ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ հիմնականում արտահայտելով մասնավոր սպառման բարձր աճ»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահը՝ հավելելով, որ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների և նախորդ տարիներին իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչն արտահայտվում է նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ։
«ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը, հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում»,- նշել է Մարտին Գալստյանը։
Նշվում է նաև, որ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ։
«ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դիրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»,- ասել է Գալստյանը։
Այն հարցին ի պատասխան, թե արցախցիների բռնի տեղահանման պարագայում շուկայում ի՞նչ փոփոխություններ կան, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստանն ասել է. «Տարեկանացված նոյեմբեր ամսվա համար տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.4% է և տնտեսական ակտիվության մեջ էական աճ է արձանագրել առևտուրը։ Այստեղ մեր դիտարկումներով երկու ֆենոմեն կա։ Ֆենոմեններից առաջինը բռնի տեղահանված արցախցիներին օժանդակությունն է, օգնությունը, հավելյալ ապրանքների ձեռքբերումը մեր հայրենակիցների համար։ Մյուս կողմից այստեղ սկսել են օնլայն առևտրի հաշվառում իրականացնել Վիճակագրության կոմիտեի մեր գործընկերները և այստեղ տեսնում ենք, որ աճը կարող է նաև այդ ֆենոմենով պայմանավորված լինել»։
Խոսելով միջազգային այցելուներին սպասարկելու մասին՝ Մարտին Գալստյանը նշել է, որ հայաստանյան բանկերը մի շարք ներդրումների են արել իրենց անձնակազմի, ինչպես նաև տեխնոլոգիաներում, որպեսզի կարողնան սպասարկել միջազգային այցելուներին։
Այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են ապահովել սպառողական ակտիվություն այնպես, ինչպես մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ էր, ԿԲ նախագահը նշեց. «Կդժվարանամ ասել։ Պիկը, երևի թե անցել ենք, բայց կա մարդկանց որոշակի զանգված, ովքեր այսօր ապրում և աշխատում են Հայաստանում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում