Չեխիայի խորհրդարանի նախագահը Բաքվում կբարձրացնի ԼՂ-ի հարցը

Չեխիայի խորհրդարանի նախագահը Բաքվում կբարձրացնի ԼՂ-ի հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 31-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված էթնիկ զտմանը՝ ԱԺ նախագահը չեխ գործընկերներին է ներկայացրել առկա խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների և Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

«Տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Ադրբեջանի վարած քաղաքականությունը, սակայն, պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում այս գործընթացը տանում է փակուղի»,- նշել է ԱԺ նախագահը։

Մարկետա Պեկարովա Ադամովան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում և վստահություն հայտնել, որ Չեխիան կփորձի նպաստել Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորմանը:

«Իմ՝ Բաքու այցի ժամանակ ես կբարձրացնեմ հարցը, թե ինչու նրանք չեն ցանկանում լուծումներ գտնել, որը կհարգվի Հայաստանի ներկայացուցիչների կողմից»,- հայտարարել է Չեխիայի խորհրդարանի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան։

«Մենք կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որ նման ճնշում գործադրենք Ադրբեջանի ներկայացուցիչների վրա, որպեսզի շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասել է նա։

Կողմերը քննարկել են նաև հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում