ԵԽ-ի հանձնակատարը խստորեն քննադատել է Ադրբեջանին

Ադրբեջանում պետք է դադարեցվեն իրավապաշտպանների հետապնդումները: Այս մասին Բաքու կատարած երկօրյա այցի արդյունքներով հայտարարել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:

«Այս այցի անհրաժեշտությունը բացատրվել էր Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունից Բաքվում իմ գրասենյակի գործնականում բոլոր գործընկերների ձերբակալությամբ, ինչը փաստորեն անհնարին է դարձնում այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը», -ասվում է հայտարարության մեջ:

«Այդ ճնշող միջոցները միանգամայն հակասում են այն հանձնարարականներին, որոնք արվել են իմ անցյալ տարվա զեկույցում», -նշել է նա:

Այդ առնչությամբ անհանգստություն արտահայտվել էր նաեւ ավելի վաղ, և նշվել էր, որ օրենսդրական փոփոխություներն Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպություններին ստիպում են աշխատել մեծ ռիսկով:

«Օրենսդրությունը պետք է անհնարին չդարձնի մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը: Դա վերաբերում է նաև նրանց, ով դրամաշնորհներ է ստացել` չգրանցելով դրանք: Նրանց չի կարելի պատժել դրա համար», -նշել է Մուժնիեկսը:

Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ Բաքվում ունեցած հանդիպումների ժամանակ Հանձնակատարը բարձրացրել է ադրբեջանցի իրավապաշտպան Իլգար Մամեդովի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը:

Մուժնիեկսի մամուլի տեղեկագրում ևս մեկ անհանգստացնող գործ նշվել է ադրբեջանցի հայտնի իրավաբան Ինթիգամ Ալիևի դատավարությունը, ում գործը առաջնային կարգով քննվելու է ՄԻԵԴ-ում:

Բոլոր այդ հարցերը Հանձնակատարը բարձրացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի, փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլևի եւ օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի հետ հանդիպումների ժամանակ:

Բաքու կատարած այցի ընթացքում Մուժնիեկսը այցելել է նաեւ Քյուրդախանիի քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է մտացածին մեղադրանքներով կալանավորված իրավապաշտպաններ Անար Մամեդլիի, Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի  և Ինթիգամ Ալիևի հետ:

Բացի այդ, Հանձնակատարը հանդիպումներ է անցկացրել ձերբակալվածների ընտանիքների անդամների, փաստաբանների և քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում