Հայաստանից ոսկու ձուլակտորների արտահանման համար կգործի պետական տուրք
Նմանատիպ
Հայաստանում նախատեսվում է ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման համար սահմանել պետական տուրք:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Նախագծով մենք արտահանման տուրք ենք սահմանում ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա՝ հաշի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեում»,-ասել է Քերոբյանը:
Արտահանման տուրքը նախատեսվում է սահմանել դրանց շուկայական արժեքի 0.8-1 տոկոսի սահմաններում: Նախարարը հավելել է, որ Պետական տուրքի մասին օրենքով կա ֆիքսված գին, օրինակ՝ 1 կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամն է, ինչը մոտ 1 տոկոսն է:
«Վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրն էական աճ է արձանագրել: Եվ կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել»,-նշել է Քերոբյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանում ձուլակտորներ ձուլվո՞ւմ են, և քանի՞ ընկերություն է ձուլակտորների արտահանմամբ զբաղվում:
Նախարարը պատասխանել է, որ Հայաստանում ոսկու ձուլակտոր չի արտադրվում: Ոսկու հանքերը արտահանում են անմշակ ոսկի: «Դա բանկային ստանդարտի վերջնական ոսկու ձուլակտոր Հայաստանում չի դառնում դեռևս: Բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Եվ հավանական է, որ այդ առումով կունենանք նորություններ»,-ասել է Քերոբյանը:
Ինչ վերաբերում է ընկերությունների թվին, ապա Հայաստանում մոտ 10 ընկերություն է զբաղվում ոսկու, պալադիումի և պլատինի արտաքին առևտրով: «Եթե կա հնարավորություն ստեղծել այնպիսի միջավայր, որ Հայաստանում գործող ընկերությունները կարողանան միջազգային առևտրով զբաղվել, ապա մենք այդ հնարավորություն չենք փակում: Բայց միաժամանակ այս նախագծով պատշաճ կերպով հարկում ենք»,-նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում