ԵՄ-ն չի բացառում պատժամիջոցները Թակեր Կարլսոնի դեմ Պուտինի հետ հարցազրույցի համար

ԵՄ-ն չի բացառում պատժամիջոցները Թակեր Կարլսոնի դեմ Պուտինի հետ հարցազրույցի համար

ԵՄ-ն կարող է քննարկել ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի դեմ պատժամիջոցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի համար, գրում է Newsweek-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի (ԵԽ) ներկա և նախկին պատգամավորներին։
«Կառլսոնի հարցազրույցը Պուտինի հետ կարող է պահպանողական քննադատին դարձնել ԵՄ օրենսդիրների թիրախ»,- գրում է Newsweek-ը։

Ինչպես հրապարակմանը հայտնել է Բելգիայի նախկին վարչապետ և Եվրախորհրդարանի ներկայիս անդամ Գի Վերհոֆշտադը, Ռուսաստանում Կարլսոնի աշխատանքը կարող է հանգեցնել ամերիկյան Fox News հեռուստաալիքի նախկին հաղորդավարի և ԵՄ-ի միջև կոնֆլիկտի։ Նա կոչ է արել ԵՄ-ին դիտարկել Կառլսոնի նկատմամբ «ճանապարհորդական արգելք» մտցնելու հարցը, որին նա անվանել է Պուտինի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «խոսափող»:

Նախկին պատգամավոր Լուիս Գարիկանոն համաձայնել է Վերհոֆշտադի կարծիքին՝ ասելով, որ Կարլսոնն այլևս թղթակից չէ, այլ դարձել է «քարոզիչ»։ Իսկ Եվրախորհրդարանի պատգամավոր Ուրմաս Պաետը, ով նախկինում զբաղեցրել է Էստոնիայի արտգործնախարարի պաշտոնը, ասել է, որ Կառլսոնը «իսկական լրագրող չէ, քանի որ նա հստակ արտահայտել է իր համակրանքը ռուսական ռեժիմի և Պուտինի նկատմամբ և անընդհատ բացասաբար է արտահայտվել Ուկրաինայի մասին, որը դարձել է ռուսական ագրեսիայի զոհ»։

«Հանցավոր ռեժիմի նման քարոզչության համար դուք կարող եք ընդգրկվել պատժամիջոցների ցանկում, ինչը վերաբերում է առաջին հերթին ԵՄ երկրներ մեկնելու արգելքին»,- ասել է Պաետը։

Newsweek-ը հարցում է ուղարկել Կարլսոնին, սակայն դեռ պատասխան չի ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում