Հայաստանի օնկոլոգներին օգնության կգան արհեստական բանականությունն ու ChatGPT-ն
Նմանատիպ
Ուռուցքաբանության մեջ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում փորձարկում են արհեստական բանականության հնարավորությունները։ Օրերս Ջերմուկում Հայկական ուռուցքաբանության 4-րդ կոնգրեսի ժամանակ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր արհեստական բանականության ու ChatGPT-ի հնարավորությունները քաղցկեղի վաղ հայտնաբերման և բուժման գործընթացներում ներդնելուն։
«Սա շատ արագ զարգացող նոր ուղղություն է, Հայաստանը պետք է միավորի բժշկությունը, ՏՏ տեխնոլոգիաները, փորձենք այս առումով էլ ակտիվորեն ներգրավված լինել միջազգային միտումներին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա շեշտել է՝ խոսքը ոչ մի դեպքում բժշկին փոխարինելու մասին չէ, արհեստական բանականությունը պետք է աջակից դառնա բժշկի համար։ Ըստ նրա՝ այսօր էլ արհեստական բանականության հնարավորությունները շատ լավ օգտագործվում են կրծքագեղձի սքրինինգային ծրագրում, լավ արդյունքներ են գրանցվում։
ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնն այսօր դաշնային մակարդակում ճանաչված է որպես արհեստական բանականության ուսումնասիրության կենտրոն։ Հայազգի փոխտնօրեն Տիգրան Գևորգյանի խոսքով՝ արհեստական բանականության հնարավորությունները երեք ուղղություններով են փորձարկում ինստիտուտում։
«Առաջինն ուղղված է օնկոլոգիական հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերմանը, երկրորդ հատվածը վերաբերում է բուժման գործընթացում արհեստական բանականության հնարավորությունների օգտագործմանը՝ ճառագայթային թերապիա, դեղագործություն՝ կրճատելով կլինիկական հետազոտությունների ժամանակը։ Երրորդն արդեն օնկոլոգիական հիվանդությունների կանխատեսելիությանն է վերաբերում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Գևորգյանը։
Նա ևս շեշտել է` արհեստական բանականությունը բժշկի օգնականն է լինելու, կառավարողը շարունակելու է մարդը լինել։ Այն գործընթացները, որոնք արհեստական բանականությունը կատարելու է մարդու փոխարեն, էլի ուղղված է լինելու բժշկի գործի արդյունավետության բարձրացմանը։
«Նորմալ է, որ ChatGPT-ն կարող է օնկոլոգների համար օգնական լինել»,- ասել է հայազգի բժիշկը։
Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնը նաև միջուկային բժշկությամբ է զբաղվում։ Կենտրոնի նորարար ձեռքբերումները, տեխնոլոգիական նվաճումները մասնագետները սիրով փոխանցում են հայ գործընկերներին։ Հենց այդ նպատակով Հայաստան եկած Տիգրան Գևորգյանը թեպետ 12-13 տարեկանում ՀՀ–ից Ռուսաստան է տեղափոխվել, կրթությունն ու հետագա կյանքը ՌԴ-ի հետ են կապվում, բայց միշտ հիշում է՝ որտեղից է։ Ուստի ամեն ինչ անում է հայկական բժշկական համայնքի հետ ամուր կապեր հաստատելու, լավագույն փորձը մեր երկրում էլ տեղայնացնելու համար։
«95 տոկոս դեպքերում հանրապետությունը կարող է սպասարկել քաղցկեղին վերաբերող դեպքերը, որոշ դեպքեր կան, երբ տարբերակ չկա, պետք է հետևել այն կլինիկաների ներուժին, որտեղ ավելի փորձառություն ունեն, երբեմն մի քանի երկրներ են գիտելիքներն ու փորձը միացնում։ Բայց հիմա, երբ կապվում են մեզ հետ, մենք խորհուրդ ենք տալիս պացիենտներին վստահել տեղական բժշկությանը»,- ասել է Գևորգյանը։
Նա ընդգծել է՝ խելացի ազգ լինելը մեզ պարտավորեցնում է կոնսոլիդացնել ուժերն ու այս հիվանդության դեմ միասին պայքարել։ Քաղցկեղի հաղթահարումը ոչ թե մի երկրի, պետության, այլ համամարդկային նպատակ է։
Հավելենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների` 2050 թվականին աշխարհում քաղցկեղով հիվանդացության դեպքերը հասնելու են ավելի քան 35 միլիոնի։ Մինչդեռ 2022 թվականի տվյալներով՝ չարորակ ուռուցքների հաստատված դեպքերի թիվը 20 միլիոն է։ ԱՀԿ տվյալներով՝ միայն 2020 թվականին աշխարհում 10 միլիոն մարդ է մահացել քաղցկեղից։ Տարածվածությամբ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, 2020-ին ախտորոշված դեպքերի թիվը 2,26 միլիոն է, երկրորդ տեղում թոքերի քաղցկեղն է՝ 2,21 միլիոն։ Հայաստանում ևս ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակը կրծքագեղձինն է։ 2022թ․տվյալներով՝ մեր երկրում առաջնակի ախտորոշվել է կծրքագեղձի քաղցկեղի 1457 դեպք։ Միաժամանակ քաղցկեղի հայտնաբերելիությունը Հայաստանում բարձրացել է, իսկ մահացությունը՝ նվազել։ Վերջին չորս տարում ուռուցքային հիվանդություններից մահացությունը մեր երկրում նվազել է 6,4 տոկոսով, մեկ տարում (2023 թվականին)՝ 3-4 տոկոսով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում