Ինչպես են Հայաստանի բանկերը արհեստական բանականությամբ ծառայություններ առաջարկելու
Նմանատիպ
Ամբողջ աշխարհի բանկերը սկսում են իրենց զանգերի կենտրոններում արհեստական բանականություն կիրառել, և այդ միտումը, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց կհասնի Հայաստան: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ֆինանսական տեխնոլոգիաների փորձագետ Սերգեյ Ուսնունցը Երևանում կայացած «AI for Business» համաժողովի շրջանակում։
Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը աշխատակցին չի փոխարինի, բայց օգնության կհասնի ինչպես ձայնային, այնպես էլ առցանց կապի միջոցով:
Գործնականում զանգերի կենտրոնների փորձառու աշխատակիցները իրենց բանկի ծառայությունները գրեթե նույնքան լավ գիտեն, որքան, օրինակ, մասնաճյուղերի կամ գլխամասային գրասենյակի բաժինների ղեկավարները, քանի որ նրանք պետք է կարողանան ցանկացած վարկի, օվեդրաֆթի կամ ավանդի մասին լիարժեք խորհրդատվություն տրամադրել (ընդ որում` նրանց աշխատավարձը ոչ միշտ է բարձր, սովորաբար միջին է կամ նույնիսկ ավելի ցածր)։
«Փորձառու մասնագետը կարող է այդ ամենը իմանալ և հիշել, բայց արհեստական բանականությունը կարող է այդ տեղեկատվությունը հուշել յուրաքանչյուրին, նույնիսկ միջին աշխատակցին»,-նշել է Ուսնունցը:
Մասնագետի խոսքով՝ արհեստական բանականության ուսուցումը կարող է զգալիորեն բարելավել նաև չատ-բոտերի աշխատանքը, որոնք Հայաստանում արդեն գործում են բազմաթիվ բանկերում։
Արհեստական ինտելեկտը թույլ է տալիս արագ մշակել նաև բանկի հետ չկապված տվյալները (սուպերմարկետում գնումների պատմությունը, տաքսիով ուղևորությունները և այլն, եթե, իհարկե, խոսքը բժշկական և այլ խիստ անձնական տվյալների մասին չէ):
Ուսնունցի խոսքով` ԱԲ-ն նաև կօգնի ավելի լավ հաշվարկել հաճախորդի ռիսկերը (հատկապես, եթե խոսքը խոշոր հաճախորդների մասին է, որտեղ պետք է շատ տվյալներ ուսումնասիրել, իսկ սխալի գինը շատ բարձր է)։
Նոր հնարավորություններ են բացվում նաև մարկետինգի ոլորտում։ Եվ խոսքն այն մասին չէ, որ տեքստ և պատկերներ ստեղծելը հեշտացել է (այսօր սոցցանցերում դա անում է յուրաքանչյուր դպրոցական): Խոսքն այն մասին է, որ բարդ մարկետինգային արշավները՝ տասնյակհազարանոց լսարաններով և հարյուրհազարավոր (եթե ոչ միլիոնավոր) դոլարների բյուջեներով, կարելի է վերլուծել իրական ժամանակում և կարգավորել (Facebook*-ի, Google-ի և այլ վերլուծական հարթակներում)։
«Եթե համակարգը տեսնում է, որ նպատակային ցուցանիշներից հետ եք մնում, օրինակ, հաճախորդի՝ ձեր հավելված կամ ձեր կայք անցնելու հարցում, ԱԲ-ն խորհուրդներ է տալիս, թե ինչպես անել դա։ Դա բավականին բարձրացնում է գովազդի արդյունավետությունը՝ միաժամանակ թույլ տալով խնայել բյուջեն»,- ավելացրել է Ուսնունցը։
Նրա խոսքով՝ հայկական բանկերն արդեն դիտարկում են նման լուծումները, իսկ ՏՏ ոլորտի մի շարք տեղական ընկերություններ սկսել են առաջարկել դրանք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում