Հունաստանում Հայաստանի դեսպանատանը նշվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-ամյակը
Նմանատիպ
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում փետրվարի 9-ին հանդիսավոր արարողությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառում։
Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Միջոցառման շրջանակներում ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում ՀՀ ՊՆ Զինված ուժերի ներկայացուցիչ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը, ով իր խոսքում նշել է ներկայիս անվտանգային զարգացումների համատեքստում ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների անխուսափելիությունը, կարևորելով միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-Հունաստան և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափերով:
Նա ընդգծել է նաև Հունաստանի ռազմական կրթական հաստատություններում հայ կուրսանտների առկայությունը ՀՀ ԶՈՒ բարեփոխումների գործում վերջիններիս առաքելության համատեքստում:
Ըստ աղբյուրի՝ ելույթով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, որը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձը:
Դեսպանն ընդգծել է, որ հայկական բանակի վերակազմավորումը, արդիականացումը և տեխնիկական հագեցվածությունն անխուսափելի են։
«Բարեփոխումների ճանապարհով բանակի վերակազմավորումը հետապնդում է Հայաստանի անվտանգության ապահովման նպատակ, ինչը հետևողական և ժամանակատար աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվի»,- ասել է նա:
Նա նշել է նաև, որ Հունաստանի և Կիպրոսի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը մեծ կարևորություն ունի, քանի որ Հայաստանը կարիք ունի վստահելի գործընկերների։
Ներկաները վայելել են հունահայ Միհրան Ցալիկյանի գլխավորած փողային նվագախմբի կատարումներ`նվիրված Հայաստանին և հայկական բանակին։
Միջոցառմանը հաջորդել է հայկական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում