Թումո կենտրոնը հայտարարել է Լոս Անջելեսում մասնաճյուղ բացելու մասին
Նմանատիպ
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է Լոս Անջելեսում մասնաճյուղ բացելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«4146 Lankershim Blvd, North Hollywood՝ այսուհետ սա պաշտոնապես Թումո Լոս Անջելեսի հասցեն է»,- գրված է հրապարակման մեջ։
Կենտրոնը կսկսի գործել մեկ տարուց՝ իր դռները բացելով 1500 պատանիների առջև, ովքեր անվճար կսովորեն խաղերի մշակում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, երաժշտություն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և ծրագրավորում։
Կենտրոնի հիմնադրմանը աջակցել են թե՛ Կալիֆոռնիա նահանգի, թե՛ Լոս Անջելեսի ղեկավարությունը՝ նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի ներգրավվածությամբ։
«Նազարյանը մասնակցեց երեկ կենտրոնի տարածքում կազմակերպված հիմնարկեքին՝ Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների, Լոս Անջելեսի քաղաքապետ Քէրըն Բասի և Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ միասին։
Լոս Անջելեսը կլինի ԱՄՆ-ում Թումոյի տարածման մեկնարկային կենտրոնը. պլանավորվում է մոտ ապագայում կենտրոնների ցանց հիմնադրել թե՛ Կալիֆոռնիայում, թե՛ այլ նահանգներում»,- ասված է հաղորդագրությունում։
Շենքի դիզայնի հեղինակն է ճարտարապետ Բեռնար Խուրին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում