Գալուստ Սահակյանը պարգևատրել է «Իրավունք» թերթի աշխատակազմին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 25-ին, «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով, իսկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին, «Իրավունք» լրատվական կայքի պատասխանատու Արմենուհի Հակոբյանին եւ լրագրողներ Հրանտ Սարաֆյանին ու Իլոնա Ազարյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, շնորհավորելով «Իրավունք» թերթի աշխատակազմին հոբելյանի առթիվ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Իրավունքը» անկախության ուղեկիցն է եւ ինչ-որ տեղ նաեւ անկախության խորհրդանիշերից մեկը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ավելի քան քառորդ դար «Իրավունք» թերթը լրագրողական տարբեր ժանրերի միջոցով տարեգրում է Հայաստանի նորօրյա պատմությունը՝ իրացնելով ազատ խոսքի սահմանադրական իրավունքը, հասարակությանը հնարավորություն տալով օգտվել տեղեկացված եւ իրազեկված լինելու իրավունքից:

Գալուստ Սահակյանը կարեւորել է այն փաստը, որ «Իրավունքին» հաջողվել է պահպանել արդիականության սթափ զգացողությունը, իրականության ողջամիտ ընկալումը, իրավիճակը խորը վերլուծելու ձգտումը եւ միտումը: ՀՀ ԱԺ նախագահը թերթի աշխատակազմին մաղթել է անսպառ եռանդ` լրագրողական առաքելության իրականացման գործում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, շնորհակալություն հայտնելով պարգեւատրման համար, նշել է, որ թերթը հավատարիմ է իր որդեգրած ազգային գաղափարախոսությանը եւ չի խորշում հասարակական կյանքի իրադարձությունները անաչառորեն արտացոլելուց: Նա հույս է հայտնել, որ «Իրավունք» թերթը հնարավորություն կունենա շարունակելու իր առաքելությունը՝ պահանջված լինելով հասարակության տարբեր խավերի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում