Փաստեր Մունկի ամենահայտնի կտավի մասին

Փաստեր Մունկի ամենահայտնի կտավի մասին

30 տարի առաջ՝ 1994 թվականի փետրվարի 12-ին, Օսլոյի Ազգային պատկերասրահից գողացան Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավը։ Նկարը վերցնելիս գողերը ծաղրական գրություն էին թողել՝ «Շնորհակալություն վատ անվտանգության համար»։

Անվտանգությունն իսկապես լավը չէր. ձմեռային օլիմպիական խաղերի պատճառով նկարը տեղափոխվել էր թանգարանի պատկերասրահ՝ զբոսաշրջիկների մուտքն ավելի հեշտ դարձնելու համար: Երեք ամիս անց Նորվեգիայի ոստիկանությունը հայտնաբերեց հանցագործներին և վերադարձրեց նկարը։ Գողությունը սենսացիա դարձավ և «Ճիչը» դարձրեց 1994-ի ամենաքննարկվող արվեստի գործը լրահոսում:

1 Սկզբում «Ճիչը» տեքստ էր։

1892 թվականի հունվարին Նիցցայում ձմեռելու ժամանակ Էդվարդ Մունկն իր օրագրում գրում է հետևյալը. «Ես քայլում էի երկու ընկերներս հետ. արևը մայր էր մտնում։ Ինձ պատել էր տխրությունը։ Հանկարծ երկինքը արյան կարմիր գույն ստացավ։ Ես կանգ առա և ուժասպառ հենվեցի բազրիքին. արյունն ու կրակը ցրվեցին քաղաքի վրա: Ընկերներս շարունակեցին ճանապարհը, բայց ես վախից դողալով քարացա տեղում և զգացի բնության սարսափազդու անվերջ ճիչը»։

Մունկն իր հետագա կյանքի ընթացքում ստեղծեց այս տեքստի ինը տարբեր տարբերակներ՝ ներառյալ երկու բանաստեղծական, որոնք հաճախ մեջբերել է էսքիզների լուսանցքում:

2 Նկարում պատկերված կերպարը ներշնչված է պերուական մումիայից:

Այս տարբերակն առաջարկվել է 1978 թվականին Էդվարդ Մունկի աշխատանքի հետազոտող Ռոբերտ Ռոզենբլումի կողմից։ 1889 թվականին Էդվարդ Մունկը մեկնում է գեղանկարչություն սովորելու Փարիզ։ Այնտեղ հենց նոր տեղի էր ունենում Համաշխարհային ցուցահանդես, որին ցուցադրվում էր պերուական մումիա մարդաբանական l’Homme թանգարանից։ Նրա մարմինը, ֆիքսված պտղի դիրքում, ձեռքերը սեղմված այտերին և բաց բերանով, հիշեցնում են «Ճիչը» նկարի ուրվագծերը։ Արդյո՞ք Մունկը տեսել է մումիան և, եթե տեսել է, ուշադրություն դարձրե՞լ է դրան, թե՞ ոչ, փաստագրված չէ, բայց մումիան մեծ տպավորություն է թողել իր ժամանակի շատ նկարիչների վրա:

Օրինակ, Պոլ Գոգենը դրա մի քանի էսքիզներ արեց 1888 թվականին Փարիզ կատարած ուղևորության ժամանակ և մոտ 20 անգամ օգտագործեց դրա ուրվագծերը իր նկարներում, մասնավորապես, «Խաղողի բերքահավաքը Արլում» կենտրոնական կերպարի համար:

Մեկ այլ վարկածի համաձայն, «Ճիչ» նկարի գործչի գլխի ձևը կարող է ոգեշնչված լինել նաև Էդիսոնի հսկա էլեկտրական լամպի ձևերից. դրա ցուցադրումը 1889 թվականի համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր իրադարձությունն էր:

3 Պատերազմի ժամանակ «Ճիչը» նացիստներից թաքցրել են անտառում։

1926 թվականին 1895 թվականի նկարի պաստելային տարբերակը գնեց գերմանացի կոլեկցիոներ Հյուգո Սիմոնը, սակայն 1933 թվականին նա ստիպված եղավ վաճառել նկարը և փախչել Գերմանիայից՝ վախենալով հալածանքներից՝ իր հրեական ծագման պատճառով։ «Ճիչը» գնել է նորվեգական Օլսեն նավատերերի ընտանիքը։ Այն բանից հետո, երբ Գերմանիան գրավեց Նորվեգիան 1940 թվականին, Օլսենները թաքցրին Մունկի «Ճիչը» և «Պարը լողափին» ստեղծագործությունները անտառի խորքում գտնվող գոմում՝ վախենալով, որ եթե գերմանական իշխանությունները հայտնաբերեն դրանք խուզարկության ժամանակ, իրենց ընտանիքը կկործանվի․ այդ ժամանակահատվածում Գերմանիայում Մունկը դասակարգվել էր որպես «դեգեներատիվ արվեստ»։

4 Մունկի «Ճիչը» օգտագործվել է ամենահայտնի կինոմոլագարի դիմակի համար։

Scream ֆրանշիզայի առաջին ֆիլմը թողարկվել է 1996 թվականին։

Դրանում սերիական մարդասպան Ghostface-ը, ամերիկյան մի արվարձանում՝ սև հագուստով, սարսափած և ճչացող սպիտակ դիմակով, սպանում էր դպրոցականներին: Մարդասպանի դիմակը, ըստ ռեժիսոր Ուես Քրեյվենի, ոգեշնչված է Մունկի նկարից. «Դա դասական անդրադարձ է 20-րդ դարի որոշ իրադարձությունների սարսափելի սարսափին, և գուցե պարզապես մարդկային գոյության սարսափին»: Ghostface դիմակը դարձավ Հելոուինի ամենահայտնի զգեստը 1997 թվականին և այդպես է մինչ օրս:

5 2012 թվականին «Ճիչ»-ը դարձավ աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ նկարը:

Օլսենների ընտանիքն աճուրդի է հանել 1895 թվականի նկարի իրենց պաստելային տարբերակը 50 միլիոն դոլար մեկնարկային գնով: Աճուրդը տևել է ընդամենը 12 րոպե, իսկ վերջնական գինը կազմել է 119,9 միլիոն դոլար:

Ներկայում ամենաթանկ նկարը Լեոնարդո դա Վինչիի «Salvator Mundi»-ն է, որը 2017 թվականին վաճառվել է 450,3 միլիոն դոլարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում