«Ամարյան» բարեգործական հիմնադրամը 18 միլիոն դրամ է նվիրաբերել «Վիննեթ Գորիս» հիմնադրամին
Նմանատիպ
«Ամարյան» բարեգործական հիմնադրամը 18 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից «301 Իմաստության երկիր» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Տարեցների ցերեկային ժամանցի և խնամքի կենտրոնի» համար, որի առաջնահերթ նպատակն է ապահովել Արցախից տեղահանված և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների բարեկեցությունը: Գումարը կուղղվի տարեցների կենտրոնի շենքի գնմանը:
«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի այս կենտրոնը կունենա 24 սենյակ, սոցիալական ճաշարան, ցերեկային կենտրոն՝ այս խոցելի խմբին ապահովելով արժանապատիվ կենցաղային պայմաններով և սոցիալական ծառայություններին հասանելիությամբ, ինչպես նաև ապահով միջավայր կստեղծի շփման և միայնության ու մեկուսացման զգացողության հաղթահարման համար:
«Այս նախաձեռնությունը համահունչ է մեր հիմնադրամի համոզմունքներին և արժեքներին»,- ասել է «Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Ամարյանը։ «Արցախում տեղի ունեցածը լուրջ մարդասիրական մարտահրավեր է ստեղծել, և համագործակցելով «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի նման կազմակերպությունների հետ, որը Սյունիքում ավելի քան 15 տարի զբաղվում է սոցիալական ծրագրերով, «Ամարյան» բարեգործական հիմնադրամը ցանկանում է շուշափելի դրական փոփոխություն մտցնել այս ճգնաժամից տուժածների կյանքում»։
«Մեր արմատները Սյունիքից են և այս մարզն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում։ Չէինք կարող մեր ներդրումը չունենալ Սյունիքի հրատապ կարիքներին ուղղված այս նախաձեռնության մեջ»,- նշել է «Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Վարդան Ամարյանը՝ ընդգծելով աջակցության ջանքերի համակարգված լինելու կարևորությունը։ «Այս կենտրոնը կտրամադրի անհրաժեշտ ապաստան և աջակցություն այն տարեցներին, ովքեր կորցրել են իրենց տունն ու հարազատներին»։
«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը ասել է, որ 2020 թվականի պատերազմից հետո «Վիննեթ Գորիս»-ը ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ մարդասիրական աջակցություն ցուցաբերելով նաև Արցախից տեղահանված ընտանիքներին։ «Ակնհայտ էր, որ այս դժվարին իրավիճակում առավել խոցելին առանց խնամքի մնացած տարեցներն են, թոշակառուներ, ովքեր ամենաշատն են հոգատարության կարիք զգում։ Կարևոր է ստեղծել պայմաններ, որպեսզի տարեցներին արժանապատիվ սոցիալական ծառայություններ մատուցվեն, նրանց զբաղվածության ու ժամանցի հարցը լուծվի։ Գաղափարները շատ են, և դրանք իրականացնելու համար մեզ գործընկերներ են պետք։ Առաջինն արձագանքեց «Ամարյան» բարեգործական հիմնադրամը, ինչի համար շնորհակալ ենք։ Մենք գնահատում ենք վստահությունը, տարեցների խնդիրները թեթևացելու պատրաստակամությունը։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը որակապես փոխելու է հարյուրավոր տարեցների կյանքը, իսկ նրանց ջերմացնող ժպիտները, հոգսաշատ կյանքը մի փոքր ուրախ դարձնելը մեզ համար ամենակարևորն են։ Այս մեծ գաղափարի կյանքի կոչման համար յուրաքանչյուրի ջանքերն ու ներդրումներն անկասկած ողջունելի են»,- նշել է Ռուզաննա Տոռոզյանը։
«Ամարյան» բարեգործական հիմնադրամի մասին
«Ամարյան» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է հայ գործարար, ներդրող, «Բալչուգ Կապիտալ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Ամարյանի և գործարար, «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության հիմնադիր Վարդան Ամարյանի կողմից։ Հիմնադրամն իրականացնում է կրթության, սպորտի, մշակույթի զարգացման և երիտասարդությանն ուղղված ծրագրեր:
«Վիննեթ Գորիս» հիմնադրամի մասին
«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի գործունեությունը ուղղված է կանանց համարսոցիալ–տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և համայնքային կյանքին նրանց ակտիվմասնակցության խթանմանը: 2020թ.-ից սկսած հիմնադրամն ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ցուցաբերելով մարդասիրական աջակցություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին, զարգացման և սոցիալական ծրագրեր է ապահովվում կանանց և տարեցների համար:
«301 Իմաստության երկիր» Գիտակրթական հիմնադրամի մասին
«301 Իմաստության երկիր» Գիտակրթական հիմնադրամը Հայաստանում իրականացնում է նախագծերմշակույթի, գիտության և կրթության բնագավառում՝ միտված հայ ժողովրդի մշակութային ինքնության ևարժեքների պահպանմանն ու զարգացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում