Առճակատման ցանկացած «թեժ» փուլի սկիզբը չի նպաստում հայ-ադրբեջանական կարգավորմանը. ՌԴ ԱԳ փոխնախարար

Առճակատման ցանկացած «թեժ» փուլի սկիզբը չի նպաստում հայ-ադրբեջանական կարգավորմանը. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում։

Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով փետրվարի 13-ին Ներքին Հանդի տարածքում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կողմից կրակ բացելուն, որի հետևանքով կա չորս զոհ:

«Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում եմ կրկնել, որ մենք երկու կողմերին կոչ ենք անում ցուցաբերել փոխադարձ զսպվածություն, որպեսզի միջադեպեր չառաջանան հատկապես կրակոցների, զոհերի և վիրավորների հետ կապված։ Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու դրական մթնոլորտի ստեղծմանը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ առճակատման ցանկացած «թեժ» փուլի սկիզբը, իհարկե, չի նպաստում հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության գործընթացի խթանմանն ուղղված համատեղ քայլերի մթնոլորտին», – ասել է Գալուզինը։

Այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք սա ձգձգո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը, Գալուզինն ասել է.

«Ես դեռ կխուսափեի հեռուն գնացող եզրակացություններից։ Ընդ որում, կողմերից մենք ստացել ենք միայն առաջին հայտարարություններն այս թեմայով, ուստի այս պահին կնախընտրեի զերծ մնալ կտրական գնահատականներից։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ առճակատման ցանկացած «թեժ» փուլի սկիզբը, իհարկե, չի նպաստում հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված համատեղ քայլերի մթնոլորտին»։

Մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ում մնալը և կազմակերպության շրջանակում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վարադառնալը, համապատասխանում են առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերին։ Նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա։ Ավելին, ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և բաց են մնում Երևանին օգնություն ցուցաբերելու համար։

Ժամանակին Հայաստանին առաջարկվել են ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, մասնագիտացված կադրերի պատրաստման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ ուղարկելու հետ կապված միջոցառումներ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան ու կյանքի չկոչվեցին», – ասել է Գալուզինը։

Նա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ որքան շուտ Երևանը հաղթահարի իր կասկածները ՀԱՊԿ-ի հետ կապված և վերադառնա կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումներին այս կազմակերպության օրակարգային հարցերի քաղաքական և փորձագիտական մակարդակներում, այնքան ավելի լավ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում