Ինչո՞ւ են բռնագրավում արցախցիների ավտոմեքենաները․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ինչո՞ւ են բռնագրավում արցախցիների ավտոմեքենաները․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ ՀՀ ռազմական ոստիկանությունը զբաղված է արցախցիների ավտոմեքենաները բռնագրավելով, Ագրարային համալսարանում մտածում են ռեկտորի և պրոռեկտորի աշխատավարձը 50 տոկոսով բարձրացնելու մասին․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով, հրաժարվում է ՀՀ կառավարության տնօրինության ներքո ընդունել Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ավտոպարկը, և այդ մեքենաները մնացել են կայանված տարբեր կայանատեղիներում։ Փոխարենը ՊՆ ռազմական ոստիկանությանը հրահանգել են խլել արցախցիների սեփականությունը հանդիսացող մեքենաները:

Բանն այն է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող որոշ մեքենաներ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, երբ արցախցիները հարկադրված տեղահանվում էին, մասնավորեցվել են, որ մարդիկ Հայաստան բերեն ոչ թե իրենց հնամաշ մեքենաները, այլ ՊԲ-ին սպասարկող ավելի թարմ ու սարքին մեքենաները: Իմաստը եղել է այն, որ սարքին մեքենաները չթողնվեն թշնամուն: Դա արվել է հստակ հրամաններով` արագացված կարգով, մի քանի ժամում տասնյակ մեքենաներ փաստաթղթավորվել են, հանձնվել մարդկանց, որոնք, տունուտեղը թողած, մի մեքենայով մազապուրծ հասել են Հայաստան:

ՃՈ-ն տեխզննման կտրոններ է տրամադրել, տրանզիտ պետհամարանիշներ և այլն։ Սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո ՀՀ ՌՈ-ն սկսել է այդ ավտոմեքենաների «հայտնաբերման» որս, և հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բռնագրավել, որոնք այժմ կայանված են Ռազմական ոստիկանության կայանատեղիում: Արցախցիներից ոմանք դիմել են դատարան` համարելով, որ խախտվել է իրենց սահմանադրական՝ սեփականության իրավունքը։ Ինչ վերաբերում է օդից կախված` այլ գերատեսչությունների մեքենաներին, ապա վաղ թե ուշ դրանք Փաշինյանը կվերցնի, միայն թե, ոմանց կարծիքով, շոուներ բեմադրելով: Մնում է պարզել, թե այս թեմայի հետ կապված որ մասն է իրականացվում Ալիևի հրահանգով, որ մասը` Ալիևին անակնկալ նվեր մատուցելու շրջանակներում»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական պահպանության ծառայությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմը միասին գնել են 1 մլն 538 հազար 564 դրամ արժողությամբ աթոռներ։ ՀՀ ՊՊԾ-ն ձեռք է բերել Samba ֆիրմայի գրասենյակային 16 աթոռ, որն արժեցել է 638 հազար 720 դրամ։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել Foshan Mike Dowell ֆիրմայի 30 աթոռ, որն արժեցել է 899 հազար 844 դրամ։ Աթոռները մատակարարվել են «Լեվան» ՍՊԸ-ի և «Մեգաօֆիս» ՍՊԸ-ի կողմից։

Գերատեսչությունները ներկայացրել են հստակ սահմանված բնութագիր և գնման առարկայի համար նախատեսված պահանջներ: ՀՀ պետական պահպանության ծառայությունը սահմանել է, որ նստատեղի լայնությունը 45սմ պետք է լինի, խորությունը մինչև թիկնակ՝ 43սմ, թիկնակի բարձրությունը նստատեղից՝ 49սմ, հատակից մինչև նստատեղ բարձրությունը՝ 42սմ, աթոռի ընդհանուր բարձրությունը հատակից մինչև թիկնակի վերին հատվածը՝ 89 սմ:

Վարչապետի աշխատակազմի պահանջներն ավելի թանկ են և հարմարավետ՝ գույնը՝ սև, շարժական, մետաղական հիմքով, պաստառապատված կտորով, պլաստմասե արմնկակալով, բռնակներով, պտտվող, նստատեղը և թիկնակը՝ սպունգապատ, 30մմ հաստությամբ, հինգ անիվների վրա, նստատեղը՝ տարբեր դիրքերում ֆիքսելու հնարավորությամբ, նստատեղը՝ բարձրացվող-իջեցվող, նստատեղի լայնությունը՝ 49սմ, խորությունը՝ 50սմ, մեջքի հատվածի լայնությունը՝ 50սմ, իսկ մեջքի բարձրությունը՝ 52սմ։ Ստացվում է, որ հնարավոր է տարբերակել, թե որ կառույցի բյուջեն որքան ճոխություն կարող է թույլ տալ սեփական աշխատակիցներին»։

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր նիստ է գումարելու: Քննարկվելու են ֆինանսների սղության պատճառով բազմաթիվ աշխատակիցների կրճատման, Շիրակում ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի փակման հարցերը: Այս ֆոնին անհասկանալի առաջարկությամբ է հանդես եկել համալսարանի ռեկտորի պարտականություննները կատարող՝ պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանը:

Նա առաջարկել է իր համար 2023 թվականի դեկտեմբերի 25-ից սահմանել ռեկտորի աշխատավարձի 50 տոկոսի չափով լրավճար՝ հաշվի առնելով, որ կատարում է գերծանրաբեռնված եւ պատասխանատու աշխատանք: Համալսարանի ռեկտորի աշխատավարձը 855 հազար դրամ է, իսկ պրոռեկտորինը՝ 580 հազար: Աշխատակիցների շուրջ 100 հաստիքի կրճատման առաջարկով հանդես եկող Զաքոյանը այս որոշման ընդունման արդյունքում կստանա 1 մլն 275 հազար դրամ աշխատավարձ:

Հիմնավորման մեջ գրված է. «Ռեկտորի պարտականությունները կատարողը, իր հիմնական պարտականությունների հետ համատեղ, կատարում է նաեւ ռեկտորի գերծանրաբեռնված ու պատասխանատու աշխատանքները, այդ թվում՝ ամբողջ տարվա գործունեության պլանավորման հետ կապված նախապատրաստական աշխատանքները՝ ստանալով միայն պրոռեկտորի համար նախատեսված աշխատավարձ», ուստի առաջարկվում է  լրավճար սահմանել»:

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը երեկ կայացրած իր որոշմամբ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը։

Նշենք, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիպոթեքային վարկ ստացած շահառուներին: Իսկ պետական աջակցությունն ուղղվելու է հիպոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի եւ տոկոսագումարների մարմանը։

Աջակցությունը տրամադրվում է հիպոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի եւ դրա գծով մինչեւ 13 տոկոս տոկոսադրույքի չափով` մարման համար։

Ծրագրին կարող են դիմել Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման եւ անկախ երեխա ունենալու հանգամանքից)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում