Վտանգավոր նոր կետ է ի հայտ եկել Սահմանադրության փոփոխման պարագայում․ առավոտյան մամուլը Times.am-ում

Վտանգավոր նոր կետ է ի հայտ եկել Սահմանադրության փոփոխման պարագայում․ առավոտյան մամուլը Times.am-ում

Սահմանադրության փոփոխման նոր կետերի ի հայտ գալուն զուգահեռ, կրճատվում է արցախցիներին տրամադրվող օգնությունը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակը» գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների, նոր Սահմանադրության նախագծում ոչ միայն Անկախության հռչակագրից հրաժարվելու, Ցեղասպանության պահանջատիրությունը չմատնանշելու, ԱԺ մեծամասնություն ձեւավորելու դրույթների հետ կապված փոփոխություններ են ուզում անել, այլեւ մի վտանգավոր կետ են պատրաստվում գրել: Այն է. «Հայաստանի Հանրապետությունն իրեն հռչակում է չեզոք երկիր, որի տարածքում չեն կարող մշտական հիմունքներով գտնվել օտարերկրյա զինված ուժեր»: Սա, բնականաբար, ուղղված է ռուսական բազաներին եւ սահմանապահ զորքերին:

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանին հարցրինք՝ քննարկվե՞լ է արդյոք նման առաջարկ: Նա սկզբում ասաց. «Չի քննարկվել նման դրույթ, այն, ինչ քննարկվել է խորհրդում, հրապարակային է, նիստերի տեսագրությունները կան»։ Բայց զրույցի հետագա հատվածում պարզեցինք, որ այս դրույթն իրեն ծանոթ է։ «Տեսականորեն կան սահմանադրություններ, որոնք նման դրույթներ սահմանում են»,- ասաց Վ. Քոչարյանը»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո հայաստանյան իշխանությունները անընդհատ ցույց են տալիս, թե փորձում են կանոնակարգել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցերը, այդ թվում՝ բնակարանների փոխհատուցման հետ կապված ֆինանսական խնդիրները։

Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, ի թիվս այլ գումարային հատկացումների, նշվում էր, թե Արցախից տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար հատկացվելու է 6 մլն դրամ միանվագ օգնություն։ Այս թիվը որոշ ժամանակ անց ձեռքի մի շարժումով դարձավ 5 մլն։

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում իշխանական շրջանակներից տեղեկություններ են տարածվում, թե իշխանությունը արցախցիներին պատրաստվում է տալ 2,5-3 մլն դրամ, այսինքն՝ սկզբնական նախատեսվածի կեսը: Մեր աղբյուրները նշում են, որ իշխանության ներկայացուցիչները հանդիպում են Արցախի տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների հետ և այս մասին «նրբորեն» տեղեկացնում։ Թերթի հետ զրույցում մի շարք արցախցիներ դժգոհությամբ հայտնում են, որ դա չնչին գումար է և իրականում ոչ մի խնդիր չի լուծելու, առավել ևս՝ բնակարան ձեռք բերելու հարցում»:

«Հրապարակը» գրում է. «Հնարավոր հանրաքվեից ու Ադրբեջանին հնարավոր զիջումներից առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանրությանը կաշառելու քաղաքականություն է որդեգրել։

Բանն այն է, որ 2024 թվականից թանկացել է ջրի վարձը՝ 180 դրամից դառնալով 206 դրամ, սակայն կառավարությունը որոշել է չթանկացնել վարձն այս տարի, այդ հարցը լուծում են պետական բյուջեի հաշվին՝ սուբսիդավորելով տարբերությունը։

Այլ կերպ ասած՝ կառավարությունը որոշել է հարկատուների վճարած հարկերի հաշվին ժողովրդին հերթական «լավությունն» անել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականները որոշել են առավել խորացնել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ փոխհամագործակցությունը:

ՔՊ նախաձեռնող խմբի վերջին նիստին այս հարցը օրակարգային է եղել: Ինչպես մեզ փոխանցեցին, որոշումը Նիկոլ Փաշինյանն է կայացրել ու հրահանգել է թիմակիցներին ակտիվ աշխատանք տանել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ, խորացնել համագործակցությունը նրանց հետ, անդամակցել:

Ուշագրավ է նաեւ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը ՔՊ-ականների օրակարգում չի եղել: Սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունների գնալ, ու այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկում: Թե ինչ վտանգներով է հղի այս իրավիճակը, դժվար է ասել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում