Մակրոնն ու Զելենսկին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել
Նմանատիպ
Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները ստորագրել են երկու երկրների միջև անվտանգության ոլորտում 10 տարի ժամկետով երաշխիքների և համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Մենք 10 տարի ժամկետով համաձայնագիր ենք ստորագրել, որը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի միացել ՆԱՏՕ-ին», – ասել Է Մակրոնը: Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինան ապագայում կմտնի Եվրամիության կազմ, ինչպես նաև հույս է հայտնել, որ միաժամանակ կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին:
Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի համար երաշխիքների վերաբերյալ ներկայիս համաձայնագրերը իրականում լրացնում են միմյանց՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից մինչ այս կնքված և այսօր ստորագրված փաստաթղթերի տարբերությունները մեկնաբանելու խնդրանքին: Նրա խոսքով՝ այդպիսին է եղել 2023 թվականին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի երկրների կողմից համաձայնեցված նախնական մտադրությունը։ Մակրոնը նշել է, որ ի տարբերություն նախկին խոստումների, այդ փաստաթղթերը պարտադիր և հստակ բնույթ են կրում:
Այս համաձայնագրի շրջանակներում Ֆրանսիան նախատեսում է լրացուցիչ 3 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որը կներառի համագործակցության բոլոր ասպեկտները:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 16-ին, Ուկրաինան և Գերմանիան երկկողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության մասին՝ ի շարունակություն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին G7 հռչակագրի։
Փաստաթուղթը ենթադրում է ավելի քան 7 միլիարդ եվրոյի աջակցություն Ուկրաինային այս տարվա համար: Համաձայնագիրը նախատեսում է նաև արտակարգ խորհրդակցությունների մեխանիզմ Ռուսաստանի և Ուկրաինայի հնարավոր ապագա հակամարտության դեպքում:
Ըստ հայտարարության, գումարը կուղղվի նոր սպառազինություն գնմանն ու արդեն կնքված պայմանագրերի վճարմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում