Էրդողանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի և Արևմուտքի հասցեին

Էրդողանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի և Արևմուտքի հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 17-ին կառավարության նիստից հետո ուղերձ է հղել թուրք ժողովրդին, որում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի մասին: Նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է խաղաղություն և համագործակցություն հաստատի իր հարևանների հետ, այլ ոչ թե անվտանգություն փնտրի «հազարավոր կիլոմետրեր հեռու»: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ «որոշ արևմտյան շրջանակներ փորձում են խաղի նոր կանոններ հաստատել Հարավային Կովկասում»: Էրդողանի կարծիքով՝ «այդ նույն շրջանակները փորձում են Հյուսիսային Կիպրոսի ժողովրդին հետ պահել տնտեսական պատժամիջոցների դեմ արդար պայքարից»։

Թուրքիայի նախագահն իր ելույթում նաև հայտարարել է, որ այն ուժերը, որոնք փորձում են այս տարածաշրջանում ապրող ժողովուրդների խնդիրների և նրանց միջև ընթացող հակամարտությունների հաշվին իրենց շահերն իրականացնել, իրականում տարիներ շարունակ ամենամեծ վնասն են հասցրել հայ ժողովրդին:

«Նրանք հայերին շահագործել են՝ ստեղծելով երազանքներ, որոնք հնարավոր չէր իրականացնել, օգտագործել են իրենց շահերի համար և վտանգի ենթարկել։ Հայաստանը նույնպես պետք է տեսնի և ընդունի այս իրողությունը։

Հայ ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր այն կողմ, այլ հասնեն հարևանների հետ խաղաղության և համագործակցության»,-հայտարարել Է Թուրքիայի նախագահը։

Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանի սպառազինության հարցին՝ հայտարարելով, որ որոշ երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք ու զինամթերք չի կարող փոխարինել այն կայունությանը, որը տարածաշրջանում կապահովի խաղաղությունը:

«Մեր ամենամեծ ցանկությունն է, որ հայերը բաց չթողնեն 30 տարի անց ի հայտ եկած խաղաղության հնարավորությունը ինչ-որ երազանքների պատճառով։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում Հայաստանին ընդունել մեր ադրբեջանցի եղբայրների մեկնած հաշտեցման ձեռքը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք՝ որպես Թուրքիա, պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հետ համագործակցության գործընթացը հաջողությամբ ավարտելու համար»,-ասել Է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում