Ովքե՞ր են իրականում Bank of Georgia-ի բաժնետերերը
Նմանատիպ
Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում, իբր Bank of Georgia Group PLC-ն պատրաստվում է գնել «Ամերիաբանկը», որի բաժնետոմսերի շուրջ 48%-ը պատկանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած ընկերությանը։ «Ամերիաբանկը» հաստատել է Bank of Georgia Group PLC-ի տարածած հաղորդագրությունը։
«Տվյալ գործարքը կֆինանսավորվի Bank of Georgia Group PLC-ի ավելցուկային կապիտալից՝ առանց ընկերության շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականության փոփոխության։ Եթե գործարքը կայանա, դա կլինի 1-ին դասի գործարք՝ համաձայն Մեծ Բրիտանիայի FCA-ի ցուցակման կանոնների», – ասվում է Bank of Georgia Group PLC-ի հաղորդագրությունում։
Նշենք նաև, որ այս տեղեկության հետ մեկտեղ տարածվում են լուրեր, իբր Bank of Georgia Group PLC-ում կա ադրբեջանական կապիտալ։ Սակայն այս պահի դրությամբ Bank of Georgia Group PLC-ում չի հայտնաբերվել ադրբեջանական կամ թուրքական կապիտալ։ Այս մասին հայտարարել է թեմայով հետաքրքրված լրագրող Արմեն Չիբուխչյանը, ով իր յութուբյան ալիքի ուղիղ եթերի ժամանակ ասել է.
«Ես հետաքրքվեցի և ուսումնասիրեցի. Bank of Georgia Group PLC-ում չկա ադրբեջանական կապիտալ։ Ես ունեմ կառավարիչների, բաժնետերերի ցուցակները։ Բրիտանական և ամերկյան, բայց մեծապես բրիտանական կապիտալ ունեցող լուրջ բանկի տպավորություն է թողնում», – մասնավորապես նշել է Չիբուխչյանը՝ հավելելով, որ անգամ բաժնետերերի ցուցակում կա հայ՝ Արշակունի ազգանունով։
Այս թեմային նաև անդրադարձ է կատարել «ՖԻՆԱՐՄ» ֆինանասական շուկայի մասնակիցների ասոցացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։ News.am-ին տված հարցազրույցում վերջինս նշել է, որ Bank of Georgia Group PLC-ը Վրաստանի խոշորագույն բանկն է և ժամանակին այս բանկը գնացել է շատ լուրջ քայլի՝ ցուցակագրվելով Լոնդոնի ֆոնդային բորսայի premium հարթակում։
«Դա նշանակում է, որ ցանկացած անձ կարող է դառնալ այսպիսի խոշոր ֆինանսաբանկային խմբի բաժնետեր, և Լոնդոնի ֆոնդային բորսայի պահանջով բոլոր բաժնետերերի տվյալները հրապարակվում են։ Bank of Georgia-ի մասով կարելի ասել, որ ամբողջությամբ հրապարակված է, թե ովքեր են այդ խոշոր ընկերության բաժնետերերը»,- նշել է Զաքարյանը։
Այն հարցին ի պատասխան, թե որտե՞ղ կարող է քաղաքացին տեղեկատվություն ստանալ Bank of Georgia Group PLC-ի բաժնետերերի մասին, Զաքարյանը պատասխանել է, որ վրացական բանկի կայքում կա ամբողջ տեղեկատվությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում