ՔՊ-ի ներսում «մատնիչ» ինստիտուտ է գործում, ինչից դժգոհում են իշխանականները․ առավոտյան մամուլը Times.am-ում

ՔՊ-ի ներսում «մատնիչ» ինստիտուտ է գործում, ինչից դժգոհում են իշխանականները․ առավոտյան մամուլը Times.am-ում

Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպման տապալման ֆոնին, ՔՊ-ի ներսում նոր «ստորաբաժանում է» ձևավորվել․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փետրվարի 16-ին եռօրյա այցով Գերմանիայում գտնված Նիկոլ Փաշինյանը խայտառակ ընդունելության է արժանացել տեղի հայ համայնքի կողմից, ինչը թերեւս տեսանելի է նաեւ վարչապետի աշխատակազմի տարածած տեսանյութերում եւ լուսանկարներում: «Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքի» հետ հանդիպմանը մասնակցած 20 անձից մոտ կեսը Փաշինյանի հետ Գերմանիա մեկնածներն են՝ խոսնակ, դեսպան, անվտանգության աշխատակիցներ, մեկը Ստյոպա Սաֆարյանն էր, մի քանի հայաստանցի ուսանողներ, որոնք անձնական խնդիրներ են ունեցել՝ վիզայի, Հայաստան վերադարձի արգելքների, զինծառայության եւ այլնի հետ կապված, եւ հանդիպումը ընդամենը առիթ էր, որ փորձեին իրենց խնդիրները լուծել։ Մինչդեռ միայն Մյունխենում 2 հազարից ավելի հայ է բնակվում` հարակից շրջաններն ու ողջ գերմանահայությանը չհաշված:

Մինչ հանդիպումը Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հրավիրատոմսեր է ուղարկել հայ համայնքի կառույցներին՝ պատշաճ հանդիպում կազմակերպելու համար, սակայն շատերը մերժել են հրավերը:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչու՞ Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմի 4 զոհից հետո Պաշտպանության նախարարությունը ԳՇ պետի տեղակալների նշանակման կամ նրանց փոփոխության մասին մտածեց, ինչո՞վ էին մինչ այս զբաղված ՊՆ-ում, երբ մեր երկիրը պատերազմի մեջ է:

Ինչպես հայտնի է, փետրվարի 13-ին Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ, 1 վիրավոր: Պարզվում է՝ դեպքից հետո ՊՆ-ում սկսվել են կադրային նշանակումներ ու փոփոխություններ։ Կամո Քոչունցը ազատվեց ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, եւ նրա փոխարեն ՊՆ ԳՇ պետի տեղակալ նշանակվեց Արթուր Երոյանը: Մինչ այդ պատերազմող երկրում ԳՇ պետի տեղակալի երկու պաշտոն տեւական ժամանակ շարունակում էին թափուր մնալ, ու ՊՆ-ում սթափվեցին այն բանից հետո, երբ Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ, ու մեկը մյուսի հետեւից սկսեցին նշանակումներ կատարել:

Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի14-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակվեց Կարեն Գրիգորյանը: Ստացվում է, որ մինչեւ դժբախտությունը մեր դուռը չի հասնում, գործուն քայլեր չեն իրականացնում կոռումպացված իշխանությունները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ-ի ներսում կուսակցական ստորաբաժանումներից բացի ոչ ֆորմալ «մատնիչ ինստիտուտներ» են գործում, որոնք «գործ են տալիս» շեֆին` Փաշինյանին, այս կամ այն կուսակցականի կամ պաշտոնյայի դեմ: Այդ «ինստիտուտների» միջոցով բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, շատերն աշխատանքից են ազատվել եւ այլն:
ՔՊ-ականները նեղսրտում են, որ իրենց դեմ ուժայիններից բացի նաեւ մատնիչներն են աշխատում, որը Փաշինյանի ձեւավորած համակարգն է: Ի դեպ, Քերոբյանի շուրջ ստեղծված իրավիճակը եւս այդ ոչ «մարմնի» ուղղորդմամբ է սկսվել: Թե ովքեր են «մատնիչ ինստիտուտի» անդամները, ՔՊ-ում կասկածներ ունեն, եւ մի շարք անուններ են շրջանառվում` Արթուր Հովհաննիսյան, Հայկ Կոնջորյան, Գեւորգ Պապոյան, Արփի Դավոյան, Անդրանիկ Քոչարյան, կառավարությունում` Արայիկ Հարությունյան եւ այլք»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստը» նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված և 2023 թ.-ի ընթացքում անցկացված հոբել յանական միջոցառումներին տրամադրված ֆինանսական միջոցների բաշխվածությանը: Այս առումով ուշադրության է արժանի գումարների տրամադրման անհամաչափությունը, որի հետ կապված ներկայացնում ենք մի քանի փաստ:

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների առյուծի բաժինը «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ինն է: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ հատկացված 244 մլն 431 հազար դրամի (Խաչատրյանի 120-ամյակին ուղղված պետական ֆինանսավորման ավելի քան 50 տոկոսը) շրջանակներում կյանքի է կոչվել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական ծրագրի միջոցառումների բրենդավորման, լուսաբանման և գովազդատեղեկատվական արշավի իրականացման ծրագիրը (25,4 մլն դրամ), տեղի է ունեցել «Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը (42 մլն դրամ), նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Հունաստան, Կանադա, ԱՄՆ (177մլն դրամ):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում