ԵՀ-ն հետաքննություն է սկսել TikTok-ի նկատմամբ. Ո՞րն է պատճառը
Նմանատիպ
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել TikTok-ի նկատմամբ՝ անչափահասների պաշտպանության ոլորտում թվային ծառայությունների մասին եվրոպական օրենսդրության (Digital Services Act, DSA) հնարավոր խախտման պատճառով, այս մասին հայտարարել է եվրահանձնակատար Թիերի Բրետոնը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): «Այսօր մենք հետաքննություն ենք սկսում TikTok-ի նկատմամբ՝ նրա թափանցիկության և անչափահասներին պաշտպանելու պարտավորությունների ենթադրյալ խախտումների համար», – գրել է նա:
Reuters-ի տվյալներով՝ կարգավորիչը կստուգի, թե արդյո՞ք հարթակը բավարար չափով պաշտպանում է անչափահաս օգտատերերին վնասակար բովանդակությունից և ապահովում է գովազդի թափանցիկությունը։ Եվրահանձնաժողովը նաև ասել է, որ կենտրոնանալու է ալգորիթմային համակարգերի ուսումնասիրության վրա, որոնք կարող են խթանել վարքային կախվածությունները։
Իր հերթին, TikTok-ի ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ հարթակն արդեն մշակել է կարգավորումներ՝ պաշտպանելու դեռահասներին վնասակար բովանդակությունից և կանխելու 13 տարեկանից ցածր երեխաների մուտքը հարթակ: Ընկերության խոսնակը հավելել է, որ TikTok-ը կշարունակի աշխատել փորձագետների և ոլորտի ներկայացուցիչների հետ՝ իր հարթակում անչափահասների անվտանգությունն ապահովելու համար։
Եվրոպական օրենսդրության համաձայն, եթե ԵՀ-ն խախտումներ բացահայտի, ընկերությանը սպառնում է տուգանք՝ համաշխարհային հասույթի մինչև 6%-ի չափով, պարզաբանում է Reuters-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում