Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա նույն օրը, երբ Գեղարքունիքում փակելու են բոլոր ճանապարհները․ առավոտյան մամուլը Times.am-ում

Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա նույն օրը, երբ Գեղարքունիքում փակելու են բոլոր ճանապարհները․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա, Գեղարքունիքի մարզում պատրաստվում են փակել բոլոր ճանապարհերը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ այսօր Գեղարքունիքի մարզում կրկին թեժ է լինելու, մարզի բնակիչները՝ հատկապես Մարտունի խոշորացված համայնքի, պատրաստվում են բողոքի ակցիաներ անել, ճանապարհներ փակել։

Բողոքի առիթն արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին հարկելու ՊԵԿ նախաձեռնությունն է։ Այսինքն՝ իրենց երկրում աշխատանք չգտած եւ ապրուստի միջոց հայթայթելու ակնկալիքով արտերկիր մեկնած քաղաքացիներն ուրիշ երկրում վաստակած գումարը պետք է հաշվարկեն եւ Հայաստանի Հանրապետությանը եկամտահարկ վճարեն, չնայած իրենց աշխատածից արդեն տվյալ երկրում հարկեր են վճարում։

Հայաստանից ամենաշատը հենց Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հրաժարվում են տեղափոխվել գործադիր, խուսափում են Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա անմիջական շփումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «չիստկա» անել գործադիրում ու ազատվել մի շարք անգործունյա նախարարներից, բայց, արի ու տես, Փաշինյանի կադրային պահեստն այնքան սնանկ է, փորձառու մասնագետներ չկան, որ փոխարինողներ չի գտնում:
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկացել է, այսպես ասած, «ռակիրովկաների» գնալ ու օրենսդիրից պատգամավորներին բերել գործադիր, անգամ նրանց առաջարկել է այս կամ այն նախարարի պաշտոնը, բայց ՔՊ-ական պատգամավորները տարբեր պատճառաբանություններով մերժել են՝ փորձելով նաև չբարկացնել Փաշինյանին:

Տեղեկացանք նաև, որ պատճառն էլ այն է, որ պատգամավորները չեն ցանկանում Փաշինյանի անմիջական վերահսկողության տակ լինել ու խուսափում են նրա հետ ամենօրյա անմիջական առերեսումներից:

Բացի սա, ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ-ականներն իրենց հարմարավետ են զգում խորհրդարանում, ավելի «պրեստիժ» են համարում պատգամավորի պաշտոնը, դրա համար էլ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը նախորդ տարի իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ճանապարհային վթարների պատճառներին։ Ըստ նրա՝ վթարների մեջ իր ուրույն եւ վատ իմաստով «ծանրակշիռ» դերն ունի նաեւ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատումը, որը բերում է տեսանելիության կտրուկ անկման, ինչն էլ հենց ինքնին հաճախ պատճառ է դառնում վթարների:
Այս գրառումից եւ առաջարկվող օրենքի փոփոխությունից հետո վարորդների շրջանում սկսվեց խուճապը, եւ բոլորը համատարած «ազատագրեցին» մեքենաների դիմային եւ կողային ապակիները մուգ թաղանթապատումից։

Հետո սկսվեցին տուգանքներ հորդել դեպի պետական բյուջե։ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ասում էր, որ մգեցված ապակիներով մեքենա վարելը հանրապետության օրենսդրությամբ շատ ավելի վաղ արգելված էր, սակայն տուգանքներ չէին կիրառվում, քանի որ ոստիկանությունը հագեցած չէր մթության աստիճանը չափող սարքերով (տաումետրերով):

Հավելենք նաեւ, որ վարորդներին տուգանելու հիմքում ընկած է «Անիվային տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը։

Սակայն, օրերս՝ ArmLur.am-ի պատրաստած ռեպորտաժից հետո, որտեղ խոսվում էր այս օրենքի գործարկման եւ արտոնյալ վարորդների մասին, քաղաքացիներից մեկն արձագանքեց՝ հիմնավորելով, որ իրեն 25 հազար դրամ տուգանելուց հետո դիմել է դատարան եւ շահել դատը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2023 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն իրեն խորհրդական նշանակեց Սուրեն Մաղաքյանին, չնայած այն հանգամանքին, որ Մաղաքյանին պատկանող հասարակական կազմակերպությունը պետությունից խոշոր դրամաշնորհներ է ստանում։ Խոսքը «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության մասին է, որի նախագահը Սուրեն Մաղաքյանն է։

Այս ՀԿ-ին առաջին անգամ պետության կողմից դրամաշնորհ է տրամադրվել 2022-ի հունվարի 21-ին։ 12 մլն 272 հազար դրամ արժողությամբ դրամաշնորհը տրվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի իրականացման համար: Ծառայություն է մատուցվել հաշմանդամություն ունեցող 25 անձի, նրանց հետ թրեյնինգներ են անցկացվել, տարբեր ոլորտների խորհրդատվություն եւ այլն։ Նույն ծրագրի համար նույն օրը նույն ՀԿ-ին եւս մեկ դրամաշնորհ է հատկացվում սոցապնախարարության կողմից, այս անգամ՝ 14 մլն 744 հազար դրամ արժողությամբ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հաջորդ դրամաշնորհը ՀԿ-ին տրամադրվել է 2022 թվականի փետրվարի 2-ին, գումարը կազմել է 7 մլն 430 հազար դրամ, որը տրվել է «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ- հոգեբանական վերականգնում» ծրագրի իրականացման համար։ 2022 թվականի փետրվարի 8-ին ՀԿ-ին եւս մեկ դրամաշնորհ է հատկացվել՝ շուրջ 6 մլն դրամի չափով։ Այս ծրագիրն էլ կոչվել է «Ընտանիքներին՝ կանանց եւ երեխաներին աջակցություն»։ Ծրագրի անվանումը նույնքան կասկածելի է, որքան այն նպատակները, որոնց համար հատկացվել է 6 մլն դրամը։ Մասնավորապես, թե ինչու է ՀԿ-ն «ընտանիք» բառի ներքո հասկացել միայն կանանց ու երեխաներին։ Ծրագրի շրջանակներում ՀԿ-ն իրականացրել է կարիքների գնահատումներ եւ «սոցիալ-հոգեբանական» աջակցություն։ 2022 թվականին պետության կողմից այս ՀԿ-ին տրված դրամաշնորհների ընդհանուր գինը կազմել է 40 մլն 140 հազար դրամ։

2023 թվականին, երբ Սուրեն Մաղաքյանն արդեն վարչապետի խորհրդական էր նշանակվել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 6 դրամաշնոհ է հատկացրել այս նույն հասարակական կազմակերպությանը, ընդ որում՝ առավել մեծ չափերի։ Մաղաքյանի նշանակումից 1 շաբաթ անց՝ 2023 թվականի հունվարի 26-ին, ՀԿ-ին տրամադրվել է միանգամից 4 դրամաշնորհ, որոնցից 2 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 14 մլն 672 հազար դրամի, եւ եւս մեկ դրամաշնորհ` 12 մլն 188 հազար դրամի, տրամադրվել է նույն՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ- վերականգնողական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի շրջանակներում, մյուս դրամաշնորհը՝ 7 մլն 430 հազար դրամ արժողությամբ, «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագրի իրականացման համար, որի շրջանակներում 18 անձի պետք է մատուցվեին «սոցիալ-հոգեբանական վերականգնման» ծառայություններ։

2023 թվականի փետրվարի 1-ին Մաղաքյանի ՀԿ-ն հերթական դրամաշնորհն է ստացել արդեն ավելի մեծ՝ 21 մլն 560 հազար դրամ արժողությամբ, «Ընտանիքներին՝ կանանց եւ երեխաներին աջակցություն» ծրագրի համար։ 2023-ին այս ՀԿ-ին գումար է հատկացրել նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ 9 մլն 680 հազար դրամի չափով։ Այս գումարով էլ ՀԿ-ն դասընթաց է կազմակերպել, ենթադրամաշնորհի մրցույթ կազմակերպել եւ 10 լավագույն մասնակցից յուրաքանչյուրին տվել 200 հազար դրամ ենթադրամաշնորհ։ 2023 թվականին արդեն վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Սուրեն Մաղաքյանին պետության կողմից տարբեր դրամաշնորհներով տրվել է ընդհանուր հաշվով 80 մլն 202 հազար դրամ։

Թեեւ 2024-ը դեռ նոր է մեկնարկել, սակայն Սուրեն Մաղաքյանի ՀԿ-ն արդեն ունի 2 դրամաշնորհ՝ ԿԳՄՍ եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների կողմից տրամադրված։ Առաջինը՝ 2 մլն 176 հազար դրամ արժողությամբ, տրվել է փետրվարի 7-ին։ Այս դրամաշնորհի շրջանակներում ՀԿ-ն պետք է «Թրաֆիքինգի ռիսկերի մասին իրազեկման» ծրագրի ներքո իրականացնի «Եթե իրազեկ ես, ուրեմն պաշտպանված ես» միջոցառումը, որն ընդամենը ենթադրում է սահիկաշարի (սլայդ), իրազեկման պաստառների պատրաստում եւ 1000 երիտասարդի մասնակցության ապահովում այդ քննարկմանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհը 17 մլն 765 հազար դրամ է: Սա էլ «Ընտանիքներին՝ կանանց եւ երեխաներին աջակցություն» ծրագրի համար է, այսինքն՝ այս ծրագիրն արդեն դարձել է քրոնիկ եւ ամենամյա, իսկ շահողը վարչապետի խորհրդականի անվան հետ կապված ՀԿ-ն է։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում