Գեղարքունիքի մարզում փակել են ճանապարհները, իրավիճակը լարված է

Գեղարքունիքի մարզում փակել են ճանապարհները, իրավիճակը լարված է

Գեղարքունիքի մարզի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են անում, փակելով ճանապարհները։ Նրանք դժգոհում են նոր օրենքից, համաձայն որի, արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։

«Ում ուզում եք հարցեք՝ գոնե մեկը տեղեկացվա՞ծ է հարկերի մասին նոր օրենքից։ Անսպասելի, «սյուրպրիզի» ձևով վերցրել, ուղարկել են մարդկանց, որպեսզի նրանցից կոնկրետ գումարներ հարկեն։ Մարդիկ ՌԴ-ում 13 տոկոս եկամտահարկ են վճարել, հիմա էլ պետք է էստեղ վճարեն։ Մի հատ դեպք պատմենք։ 2022 թվականին Ադրբեջանը հարձակվեց մեր Վարդենիսի դիրքերի վրա, մեզ հետ աշխատող կար, ում միակ որդին այդ ժամանակ զոհվեց, մենք իրեն ուղարկեցինք, եկավ Հայաստան, իր որդուն հուղարկավորեց, ամեն ինչ արեց։ Հիմա այդ հերոսի հորը բռնել են մինչև 400 հազար հարկել են։ Էդ մարդն իր սուգի հետ էդ ամենի միջով է անցնում», – նշեց բնակիչներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ, որը Վարդաձոր համայնքից էր, լրագրողների հետ զրույցում նշեց, որ բացի հարկերից, նաև տուգանք են սահմանել։

«Մեր գյուղի 90 տոկոսը խոպանչի է, հիմա մի քանի հոգու է այդ ծանուցումները եկել, բայց մյուս մասը չգիտի օրենքը։ Ասում են՝ եթե 180 օրից ավելի ես մնում Հայաստանում, ուրեմն՝ պետք է հարկվես։ Մեզանից նաև «շտրաֆ» են ուզում»

Հետևեք մեզ նաև Telegram-ում