Tesla-ն զիջել է Mercedes-Benz-ին ամենաթանկ բրենդի տիտղոսը

Tesla-ն զիջել է Mercedes-Benz-ին ամենաթանկ բրենդի տիտղոսը

Mercedes-Benz-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային ապրանքանիշը՝ շրջանցելով էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ին, ասվում է Brand Finance միջազգային վերլուծական գործակալության տարեկան զեկույցում։

«Tesla-ի երկրորդ տեղն ընկնելը գալիս է Իլոն Մասկի շուրջ ծագած հակասությունների համատեքստում, որն ազդել է էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության հեղինակության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Mercedes-Benz ապրանքանիշի արժեքն աճել է մեկ տոկոսով՝ հասնելով 59,4 միլիարդ դոլարի։ Tesla ապրանքանիշը նվազել է 12%-ով՝ հասնելով 58,3 մլրդ դոլարի։

Ամենաթանկ ավտոմոբիլային ապրանքանիշերի ցանկում երրորդ հորիզոնականը, ինչպես մեկ տարի առաջ, զբաղեցնում է ճապոնական Toyota-ն, չորրորդը՝ գերմանական Porsche-ն, հինգերորդը՝ BMW-ն։ Volkswagen-ը զբաղեցրել է վեցերորդ տեղը, Honda-ն՝ յոթերորդը, Hyundai-ն՝ ութերորդը: Տասնյակը եզրափակում են Ford-ը և Audi-ն:

Ամենակայուն մեքենաների ապրանքանիշը, ըստ վերլուծական գործակալության, մնում է իտալական Ferrari-ն: Արժեքի ամենամեծ աճը գրանցած բրենդը եղել է կանադական New Flyer ավտոբուսների արտադրողը, որի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 250%-ով:

Brand Finance-ը նշում է չինական ավտոմոբիլային հատվածի շարունակական աճը, որին նպաստում է էլեկտրական մեքենաների նկատմամբ համաշխարհային մեծ հետաքրքրությունը: Չինաստանի ավտոմեքենաների ամենաթանկ ապրանքանիշը BYD-ն է, որի արժեքն աճել է 20%-ով՝ հասնելով 12,1 մլրդ դոլարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում