Փաշինյանը հրահանգել է արցախցի գործիչներին «ասֆալտին փռել» ու զրկել թիկնազորից․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Արցախի քաղաքական գործիչների հանդեպ նոր բռնաճշումներ սկսելուն զուգահեռ պետական գերատեսչությունների շենքերից անաղմուկ հանում են Արարատ լեռը պատկերող բոլոր նկարները․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախցիների վերջին օրերի ակտիվությունը՝ ՀՀ ԱԺ եւ Արցախի պատգամավորների գաղտնի նիստերը, հանրահավաքներին ելույթները, լրջորեն անհանգստացրել է ՀՀ իշխանություններին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել, զրկել պետական մեքենաներից, թիկնազորից։ Նախօրեին ոչ միայն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահին աղմուկով բերման ենթարկեցին, այլեւ Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցագիր ուղարկեց նրան՝ ներկայանալու պահանջով։
Թե ինչ քրեական գործի շրջանակներում են հրավիրել, կոմիտեի խոսնակն ասաց՝ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, որեւէ վարույթ հարուցված չէ: Շահրամանյանի փաստաբանն ասում է, որ քննում են նրա դիմումը` ուղղված Վարդապետյանին, որը վերաբերում է Արցախին տրամադրված պետական միջոցների յուրացման մասին հրապարակումները քննելուն եւ կասկածները փարատելուն:
Սակայն նման վարույթ եւս չկա: Իրականում նպատակն արցախցիներին զսպելը, վախեցնելն է, որ դուրս չգան պայքարի: Մեր աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերից ի վեր քննչական մարմիններ արցախցի տարբեր պաշտոնյաների, ակտիվ գործիչների են հրավիրում` «բացատրական» աշխատանքներ են տանում, փորձելով կանխել արցախցիների հնարավոր ակտիվությունը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարությունը, որ մի քանի տարվա մեջ այդպես էլ չի իրականացրել 60-70 տնից բաղկացած գյուղ կառուցելու իր ծրագիրը, որոշել է, որ «Ակադեմիական քաղաք» է կառուցելու: Ու ոչ թե Երևանից դուրս, այլ մայրաքաղաքի «ննջարանային» արվարձաններից մեկում: Հաշվի առնելով, թե հատկապես ո՛ր կառավարությունն է նման «ծրագիր» մշակել, կարելի է չկասկածել, թե ինչ ճակատագիր է ունենալու «Ակադեմիական քաղաք» ասվածը, առավել ևս, որ գուցե չհասցնեն էլ հիմքերը գցել:
Բայց դա էլ մի կողմ: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե՝ ա) կարևոր է «Ակադեմիական քաղաքում» տեղակայվող բուհերի «նախկին շենքերի» (ինչո՞ւ նախկին՝ շենքն էլ հո իր տեղո՞ւմ է մնում) արդյունավետ կառավարումը, օրինակ՝ վարձակալության տալը, բ) կառավարումն այնպիսին պիտի լինի, որ դրանից ստացած «ամբողջ եկամուտն ուղղի «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը»:
Սա մի առանձնահատուկ «նյուվասյուկիություն» է: Այսինքն, Փաշինյանն ուզում է բոլոր բուհերից խլել շենքերը, որոնք նրանք հիմա տնօրինում են, շենքերն ու տարածքները տալ վարձակալության, վարձակալությունից ստացած փողերն էլ ուղղել… բուհերի համար «Ակադեմիական քաղաք» կառուցելուն կամ դրա ֆինանսավորմանը:
Հիշեցնենք. երբ Փաշինյանն ու իր կառավարությունը սկսել էին խոսել «Ակադեմիական քաղաքի» մասին, ակնարկում էին ինչ-որ հեռանկարներ: Իբր, իրենք ծրագիր ունեն, և այդ ծրագրում ամեն ինչ հաշվարկված է: Տրամաբանություն ունեցողները նշում էին «բիզնես հեռանկարների» կամ, ավելի ճիշտ, «բիզնես հետաքրքրությունների» մասին: Եվ ահա, Փաշինյանը չդիմացավ ու բացեց խաղաքարտերը:
Դեռ հարցի մի կողմն է, որ փաստացի նույնիսկ չգիտեն՝ «Ակադեմիական քաղաքի» համար փողերը որտեղից են ճարելու, որ այդ ծրագիրը շատ ավելի հում է, քան նույն Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը»: Մյուս կողմից՝ տեսնես ո՞վ է դեռ շենքը չօգտագործած՝ «էն գլխից» փող տալու, մինչև «Ակադեմիական քաղաքը» սարքեն, հետո դատարկեն այդ շենքերը: Առավել ևս, որ չի կարող լինել վստահություն, որ վաղը-մյուս օրը այս իշխանությունները չեն հեռացվի, ու նոր իշխանությունները տրամաբանորեն չեն զրոյացնի այդ հում, անիմաստ ու ծախսատար ծրագիրը:
Հա, իսկ եթե հրաշքով բանը դրան հասնի, դժվար չէ պատկերացնել, թե ինչերի կարող են վերածվել բուհերի շենքերը…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում։ Նիկոլ Փաշինյանի կողմից բիբլիական Արարատի մերժումը պետական քաղաքականություն է դարձել ու սիմվոլիզմի անհարկի դրսեւորումներ ունի։ Նա վերջին շրջանում իր հյուրերին ընդունում է մի սրահում, որի պատին Արագածի ահռելի նկարն է: Բայց պարզվում է, որ սրանով չեն բավարարվել Արարատ սարը «մերժողները»` հարկադիր «դավանափոխության» են ենթարկվում պետական մյուս մարմինները եւս։
Մասնավորապես, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ է ուրացել Արարատն ու ընդունել է նոր հավատքը՝ Արագածի պաշտամունքը. պետական բյուջեի միջոցներից արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 185 հազար դրամ է հատկացրել Արագածի նկարը ձեռք բերելու համար։
Չի բացառվում, որ հաջորդիվ, «արագածապաշտության» մոլուցքով տարված` Արարատ Միրզոյանին ստիպեն անունը փոխել կամ նրա փոխարեն ԱԳ նախարար նշանակեն, ասենք, Արագած Ախոյանին»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ ՀՀ իշխանություններն են անընդհատ խոսում, թե ԵԱՏՄ շուկան ՀՀ արտահանումների ծավալի համար առանձնակի նշանակություն ունի (վկան՝ 2023 թ. ցուցանիշները), այնուհանդերձ, մեր ունեցած տեղեկություններով, «ներսում» լրիվ այլ տրամադրություններ կան։ Մասնավորաբար, մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմին ոչ մեկ անգամ ակնարկել է, թե Արևմուտքից բացահայտ ճնշում կա՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու հետ կապված, և ինքը չի կարող պարզապես ձեռքը թափ տալ այդ պահանջների վրա։
Մեր տեղեկություններով, այս հարցում ևս, ինչպես իր մնացած քայլերում, Փաշինյանը փորձելու է թեման գցել ժողովրդի «գրպանը» և դեպքերն այնպես դասավորել, որ հերթական անգամ ասի՝ «դե, ես ի՞նչ կարող էի անել, հպարտ քաղաքացին է պահանջում»։ Ավելին, կան տեղեկություններ, որ առաջիկայում ոչ միայն հակառուսական նոր ալիքներ են գեներացնելու, այլև առանձին վերցրած «օջախները» փորձելու են ուղղորդել այդ տրամաբանության մեջ:
Ըստ մեր զրուցակիցներից մեկի, փորձ է արվել նախօրեին մարտունեցիների կողմից Մարտունի-Գավառ մայրուղու փակումը ևս տեղավորել այս «օպերայի» սցենարում. պատահական չէր, որ Հայաստանի կառավարության դեմ կազմակերպված ակցիայի մեջ կային մասնակիցներ, որոնց կողմից հնչող թեզերի մեծ մասը հակառուսական ու հակաԵԱՏՄ-ական էր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շուրջ մեկ շաբաթ առաջ Վահան Քերոբյանը հեռացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, սակայն նախարարի թափուր հաստիքի համալրումը փորձություն է դարձել Նիկոլ Փաշինյանի համար: Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ հարմար թեկնածու չեն գտնում:
Մամուլում շրջանառվեցին ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Բաբկեն Թունյանի անունները, սակայն Փաշինյանը չի պատրաստվում նրանց տեղափոխել խորհրդարանից, քանի որ օրենսդիր մարմնում էլ մատների վրա հաշված պատգամավորներ կան, որոնք քիչ թե շատ հասկանում են օրենքից: Իսկ Թունյանը չի էլ ուզում նախարարի պաշտոն զբաղեցնել։
Ամենայն հավանականությամբ, նախարար կնշանակվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ում պաշտոնավարման ժամկետն օրեր առաջ լրացել է: Նա ԵՏՀ է գործուղվել 2020 թ. փետրվարի 1-ին՝ 4 տարի ժամկետով։ Մինչ այդ զբաղեցնում էր գյուղատնտեսության, ապա էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: ԵՏՀ կոլեգիայում Արտակ Քամալյանին կփոխարինի Գոհար Բարսեղյանը, ով արդեն մի քանի տարի է՝ գլխավորում է ինտեգրման զարգացման դեպարտամենտը»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում